Շիրակի մարզում առաջիկա համապետական ընտրությունները մյուսների համեմատ բավական լարված են լինելու: Գյումրիում սկսվել է միջկուսակցական, նաեւ ներկուսակցական թեժ պայքար:
Armtimes.com-ի հավաստի տեղեկություններով, Հանրապետական կուսակցության Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում մինչ այս հստակեցված է միայն երեք թեկնածուի անուն: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ռեյտինգային ցուցակում տեղ է հատկացրել փեսայի ընկերոջ՝ Արման Սահակյանի, նախագահականի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանի եւ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի համար:
Հենց այս երեք թեկնածուն են, որ ապահովելու են ՀՀԿ-ի ձայների մեծամասնությունը Շիրակի մարզում: ՀՀԿ-ի հույսը Շիրակի մարզի գյուղերում մեծ հեղինակություն ունեցող, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն է:
Armtimes.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դիվանագետ որդուն դեռ «դաբրո» չի տվել: Բանն այն է, որ Շիրակի մարզից, ամենայն հավանականությամբ, ընտրվելու է 2-3 ռեյտինգային պատգամավոր: Խաչատուր Բալասանյանը խանգարող հանգամանք է հանդիսանում որոշ թեկնածուների համար:
Նախատեսվում է, որ Շիրակի մարզի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի 15 թեկնածուից 13-ը ապահովելու է 1000 ձայն՝ յուրաքանչյուրը, իսկ հավելյալ ձայները կուսակցության համար «խփելու» են նշյալ երեք թեկնածուն:
ՀՀԿ-ի կուլիսներում խոսվում է, որ հենց այս թեկնածուներն են խոչընդոտում Խաչատուր Բալասանյանի մուտքը ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակ: Վերջիններս պատճառաբանում են՝ իրենք ավելի փորձառու են, կուսակցության համար առավել օգտակար, քան ճանաչում չունեցող, քաղաքապետ հոր եւ բիզնեսմեն եղբոր կողմից առաջ մղվող, անփորձ երիտասարդը:
Լավատեղյակները նշեցին, որ Սերժ Սարգսյանը Խաչատուր Բալասանյանի հետ կապված իր որոշումը կայացնելու է առաջիկա 1-2 օրերին: Այս ընթացքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խուսափում է խոսել որդու առաջադրվելու մասին: Նա նշում է, որ որդին բավական մեծ է եւ կարող է ինքը պատասխանել այդ հարցին:
Միաժամանակ տեղեկացնենք, որ Խաչատուր Բալասանյանին Գյումրիում հանդիպելն անհնար է: Նախատոնական օրերին կրտսեր Բալասանյանը հասարակության աչքին երեւալու առիթը բաց չէր թողնում, իսկ այժմ խուսափողական վիճակ է:
Նա Գյումրիում ղեկավարում է Բալասանյան ընտանիքի բարեգործական գրասենյակը, որը Նոր տարուց հետո միշտ փակ է:
Ի դեպ, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինեն եւ նշյալ երեք թեկնածուի համեմատ քիչ թվով քվեներ կապահովեն ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, խոշորացված Ամասիայի նորընտիր գյուղապետ Ջեմմա Հարությունյանը, որի ամուսինը՝ Ցուլ մականվամբ Մարսել Կարապետյանն է, տարածաշրջանում հայտնի ՀՀԿ-ական, որին ենթարկվում են շատերը:
Հազար ձայնի խոստում են տվել ՀԷՑ-ի Գյումրու «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Գագիկ Ֆարզարդյանը, Շիրակ ԳԳՄ-ի տնօրեն Սերգեյ Ամիբեկյանը, «Լենտեքս» կարի արտադրամասի սեփականատեր Կարեն Գոմցյանը, «Շիրակ» ջրմուղկոյուղի ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանը, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը: Մամուլում կան տեղեկություններ, որ ՀՀԿ-ն փորձում է դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին եւս ներգրավել իր ցուցակ, ովքեր ճանաչված են ոլորտում եւ կարող են ձայներ ապահովել:
Ամենայն հավանականությամբ, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի տեղի շտաբի պետը կուսակցության Շիրակի մարզի կառույցի ղեկավար, Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն է լինելու:
Armtimes.am