1 Նոյեմբերի, 2017

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, նոյեմբերի 5-ին սպասվում են  ՏԻՄ ընտրություններ։ Չնայած բազմաթիվ ենթադրություններին ու կանխատեսումներին, թե` այս ընտրատեղամասում աննախադեպ թվով թեկնածուներ պիտի գրանցվեին, առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ժամանակավոր պաշտոնակատար՝ Առուշ Առուշանյանը և Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Նշենք նաև, որ ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր որպես՝ ՀՀԿ կուսակցության թեկնածու Վայոց ձորի և Սյունիքի մարզերից՝ ստանալով 7000քվե:

Mnews.am-ի լրագրողը հանդիպեց Ա. Առուշանյանին, զրուցեց համայնքի խնդիրներից և ծանոթացավ նախընտրական իրավիճակներին:

22852150_1842055526107061_2769841015780620568_n

-Ինչպե՞ս է ապրում այսօր գորիսեցին Ձեր աչքերով:

-Այսօր գորիսեցին ապրում է առավել համախմբված միասնական, մարդիկ ականատես են, որ համայնքը առաջխաղացման ճանապարհով է գնում և հակված են ներդրում ունենալ համայնքի զարգացման գործում: Ես ինքս  զգում եմ այդ լավատեսությունը և պետք է ասեմ, որ դա առավել քան պարտավորեցնում է արդարացնել յուրաքանչյուրի սպասելիքները:

-Պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելուց հետո, որքանո՞վ Ձեր հույսերն արդարացվեց՝  նախկին ղեկավարի կողմից ստացած «ժառանգության» առումով: Արդյունքը հուսադրող էր թե՞…

-Մեր թիմը կարողացել է կարճ ժամանակահատվածում շատ բան փոխել համայնքում: Բոլոր առկա խնդիրներին փորձում ենք հնարավորին արագ արձագանքնել: Ոչ ոք չի կարող հերքել, որ տարիներով չլուծված խնդիրներ են եղել, մինչդեռ դրանք իրականում ամենօրյա աշխատանք պետք է լինեին:

-Սյունքի մարզը նույնպես չի զիջում իր անապահով ընտանիքների թվով: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում խնդրին լուծում տալու համար:

-Համայնքի տնտեսական զարգացման իրատեսական ռազմավարություն, զբոսաշրջության խթանում, ներդրումներ: Մենք պետք է  բարենպաստ միջավայր ստեղծենք, որպեսզի մարդիկ ցանկանան իրենց բիզնեսն ունենալ: Գորիսը զբոսաշրջային համայնք է և  զարգացման համար լուրջ  նախադրյալներ կան: Մենք պետքէ հարստացնենք ենթակառուցվածքները՝ խթանելով զբաղվածության հարցը: Արդեն արձագանքներ կան ներդրողների կողմից, առաջիկայում պայմանավորվածությունները գործնական փուլ կմտնեն:

-Անցնենք շուտով կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Դուք առաջադրված թեկնածու  լինելով կներկայացնեինք  քարոզարշավի գրաֆիկը և թե ինչպիսի՞ պայմաններում է արվում: 

-Նախընտրական քարոզարշավի շրջանակներում առաջին հերթին այցելել ենք բոլոր բնակավայրերը՝ առանց բացառության: Քարոզարշավը շարունակվում է, բակային հանդիպումներ կունենանք Գորիս համայնքի բոլոր թաղամասերում: Հնարավոր միջոցներն օգտագործում ենք, որպեսզի լսենք յուրաքանչյուր բնակչի, նաև մեր նախընտրական ծրագիրը ներկայացնենք:

-Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ինչպիսի՞ խնդիրներ են նրանց կողմից բարձրացվել:

-Շատ տարբեր են: Բնակավայրերում հիմնականում հանրային տրանսպորտի, գյուղատնտեսական նշանակության, ճանապարհներին առընչվող հարցեր են:   Գորիսում առավել շատ նոր աշխատատեղերի հարցն է բարձրացվում, կանաչ տարածքներ, խաղահրապարակներ: Սոցիալական խնդիրներն են շատ:

23032465_1842056119440335_648315822545418588_n

-Նշե՛ք Գորիսի համար առաջնային խնդիրը:

-Մենք բոլոր ոլորտներում էլ լուրջ անելիքներ ունենք, որևէ խնդիր չեմ կարող առաջնային համարել, մյուսը՝ երկրորդային, բոլոր խնդիրներն էլ կարևոր են և լուծում են պահանջում:

-Ներկայացրե՛ք նախընտրական ծրագրեը: Ի՞նչ խոստումներ եք տվել և տալիս գորիսեցիներին:

-Մեր ծրագրերն ամբողջովին  հիմնված են  առկա հիմնախնդիրների ուղղությամբ տրված գործնական լուծումների վրա: Մենք առաջարկում ենք կոնկրետ գործողություններ և արմատացած խնդիրների լուծման նոր մեխանիզմներ: Մեր նախընտրական ծրագիրը հասանելի է ընտրողներին, որտեղ մանրամասն նկարագրված են, թե որ ոլորտներում ենք առաջնահերթ փոխություններ իրականացնելու: Պետք է նշեմ, որ դրանք համայնքային բոլոր ոլորտներն են ներառում, որոնց բարելավումը կյանքի որակի դրական  փոփոխություն է ապահովելու:

-Ձեր հարցազրույցներից մեկում ներկայացրել եք, որ կողմ եք համայնքների խոշորացման ծրագրին: Ո՞րն է Ձեր բացատրությունը: Դժվա՞ր չի լինի գորիսեցու համար, չէ՞ որ մեծ փոփոխություններ են սպասվում:

-Համայնքների խոշորացումը համաչափ զարգացման հնարավորություն է տալիս: Այսօր արդեն այդ փորձը ունենք, որ համայնքի ընդհանուր բյուջեից կարողանում ենք արդյունավետ կերպով ներդրումներ անել բնակավայրերի առաջխաղացման համար: Շուտով կունենաք մեծ թվով տեխնիկա, որի շնորհիվ մատուցվող  ծառայությունների որակը շեշտակի կբարելավվի:

-Կարգախոսը, որը ծառայում է և՛ անձնական կյանքում և՛ քաղաքական ասպարեզում:

 –Թիմ ունենալը միշտ եմ կարևորում, քանի որ խելացի, պրոֆեսիոնալ, իրենց գաղափարներին ու աշխատանքին նվիրյալ թիմի հետ միասին է հնարվոր հասնել հաջողության: Իմ նախընտրական կարգախոսը պատահական չէ. Միասին կլինենք փոխությունների կրողը:

-Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ամեն դեպքում չի ոգևորել Ձեր նշանակումից, դեռ ավելին ասել է թե չի պաշտպանի Ձեր թեկնածությունը: Ի՞նչ կասեիք:

-Այդ հարցին արդեն պատասխանել եմ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում:

-Աժ ընտրությունները կարելի է ասել «փորձադաշտ» եղավ Ձեզ համար և հասկացաք, որ 7000 գորիսեցիներ միահամուռ ձայնով ընտրեցին Ձեզ, որքանո՞վ են փոխկապակցված և կանխատեսելի այս ընտրությունները՝ նախորդ ընտրությունների արդյունքի հետ:

-Վստահ եմ, որ այս անգամ արդյունքներն ավելին են լինելու, քանի որ մեր թիմը հնարավություն ունեցել է աշխատելու և կարճ ժամանակամիջոցում մենք կարողացանք շոշափելի արդյունքների հասնել: Կատարված դրական փոփոխություններին  բոլորն են ականատես,  ակնհայտ է, որ մենք  ոչ թե խոստւմներ ենք տալիս, այլ ռեալ աշխատանք ենք կատարում:

-Ձեր մուտքը քաղաքապետարան նշանավորվեց Mercedes մակնիշի միկրոավտոբուսների նորմուծով: Ինչպե՞ս ընդունվեց հասարակության կողմից, մասնավորապես այն դեպքում, որ անվաճար է երթևեկությունը:

-Արձագանքները դրական էին, անկեղծ ասած, սկզբում եղան մարդիկ, ովքեր մտածում էին, որ դա կարող է նախընտրական ժեստ լինի, բայց վստահ եմ, որ հիմա նման մտավախություն չի կարող լինել, քանի, որ ժամանակ կար համոզվելու, որ մեր բոլոր նախաձեռնությունները իրատեսական են  և  նպատակաուղղված են համայնքի զարգացմանը:

-ՀՀԿ Գորիսի շրջանային կառույցի պատասխանատուներից  մեկն եք: Կարճ ժամանակահատվածում Ձեր հանդեպ մեծ վստահություն ձեռք բերեցիք և կարելի է ասել մի շարք երիտասարդների Ձեր իսկ խոսքով, ներգրավվեցիք ՀՀԿ կառույց:

-Այո,  արդյունավետ  աշխատանքի արդյունքում մեր համակիրներն ու համախոհներն օր օրի ավելանում են, համագործակցության շրջանակն է լայնանում:

-Ո՞ր քաղաքական ուժն եք համարում ՀՀԿ-ի գլխավոր մրցակիցը Գորիսում և առհասարակ ընտրապայքարում:

-Որևէ մեկին չեմ թերագնահատի,  այս պահին մենք մեր աշխատանքն ենք կատարում, մրցակցելու խնդիր չեմ տեսնում:

-Թիվ 12  ընտրատարածքում, որն ընդգրկում էր Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, քարոզարշավի ընթացքում ձեռք բերեցիք «կամեցող» երիտասարդի,  գործարարի համբավ: Նոր դեմք էիք մարզի քաղաքական դաշտում, ի՞նչ եք կարծում ՀՀԿ-ն ինչու՞ Գորիսից հենց Ձեր թեկնածությանը նախապատվությունը տվեցին:

-Դուք Ձեր խոսքում դրական կարծիք արտահայտեցիք, բնականաբար, ՀՀԿ-ն նույնպես հաշվի է առել մի շարք հանգամանքներ:

-Ձեր խոսքը գորիսեցիներին և մաղթանքը ընտրություններին ընդառաջ:

-Մեր նախընտրական հանդիպումները  մարդաշատ են,  ոչ մի արհեստական կամ ցուցադրական ներկայություն չի ապահովվում: Մարդիկ իրենց կամքով գալիս են, ցանկանում են լսել, անկաշկանդ հարցեր են տալիս: Ես համոզված եմ, որ այդ նույն ոգևորությունը, վստահությունը  նոյեմբերի 5-ին է լինելու: Կարող եմ ասել, որ մենք նույն միասնականությամբ  կփոխենք մեր կյանքը՝ բոլորիս համար ստեղծելով հարմարավետ և զարգացած համայնք:

kotayk

Լրահոս