14 Հուլիսի, 2022

Կառավարությունը մտադիր է եւս 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննությունների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման եւ գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։ Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստում։

Ըստ նախագծի, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիակների եւ մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունները կատարվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում, եւ այս ընթացքում նույնականացվել են բազմաթիվ անճանաչելի ձեւի փոփոխված, մասնահատված, կմախքացած, այրված աճյուններ եւ մասունքներ, որոնց արդյունքում պարզվել է անհայտ համարվող զինծառայողների դիակների եւ մասունքների ինքնությունը։ Նախագծում նշված է, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով:

Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից: Սակայն դեռեւս առկա են բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր: Ուստի, ըստ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծի, անհրաժեշտություն է առաջացել եւս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննությունների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման եւ գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար, ինչի համար անհրաժեշտ է 75 հազար դոլար:

kotayk

Լրահոս