4 Սեպտեմբերի, 2021

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 12 փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի դիմաց տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 45-ամյա Սամվել Վարդանյանի դին՝ հրազենային 2 վնասվածքով: Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ ենթադրյալ կասկածյալ՝ 26-ամյա Աշոտ Մկրտչյանը իր մոտ եղած «Վալտեր» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Ս. Վարդանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին և բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը, քննիչի որոշմամբ էլ ենթադրյալ կասկածյալ Ա. Մկրտչյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանված Ս. Վարդանյանը կասկածյալ Ա. Մկրտչյանի քեռին էր։

kotayk

Լրահոս