7 Հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 6-ին, ժամը 6.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Նուբարաշենի 6-րդ փողոց շտապ ոստիկան մոտենա, հնարավոր է մի տղամարդ տանը բռնություն կիրառի կնոջ նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է կնոջ դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ կնոջը սպանել է 37-ամյա ամուսինը: Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրավապահները տեղեկություն են ստացել, որ կնոջը սպանած ամուսինը թաքնվում է Արմավիրի մարզի Արաքս գյուղի առանձնատներից մեկում: Ժամը 10.40-ի սահմաններում իրավապահները, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ, հասնում են առանձնատուն` նրան ձերբակալելու նպատակով: Տղամարդը, սակայն, սպառնում է պայթեցնել իր մոտ եղած նռնակը: Բանակցություններն արդյունք չեն տալիս, և տղամարդը պայթեցնում է նռնակը: Բարեբախտաբար, պայթյունից ոչ ոք չի տուժում, և ոստիկանները ձերբակալում են 37-ամյա տղամարդուն: Կատարվում է նախաքննություն:

 

kotayk

Լրահոս