Ծաղկաձորում ներքին զբոսաշրջության ակտիվություն է նկատվում.Արթուր Հարությունյան

Mnews.am -ի զրուցակիցն է  Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը.

Պարոն  Հարությունյան, շուրջ 8 տարի է ինչ  քաղաքապետի պաշտոնն եք ստանձնել, ամեն դեպքում որքանո՞վ եք դժվարանում ղեկավարել այն։

-Շատերին կարող է թվալ , թե դա հեշտ աշխատանք է ու ինքն էլ կարող է քաղաք ղեկավարել: Բայց քաղաքապետ   ընտրվում  է նա, ում ընտրում է ժողովուրդը։ Շատ մեծ է պատասխանատվության զգացումը և պատվով դուրս գալը ժողովրդի առջև։ Դժվարություն որպես այդպիսին չէի մեկնաբանի, ավելի շատ անընդմեջ և շարունակական բնույթ կրող ուշադրությունն է թե՛ քաղաքի, թե՛ ժողովրդի հանդեպ, որն իմ հիմնական նախապայմաններից է։Պետք է նշեմ, որ ես ծնվել և մեծացել եմ Ծաղկաձորում, սիրում եմ իմ քաղաքը և սրտացավորեն եմ մոտենում Ծաղկաձորի և ծաղկաձորցու առջև ծառացած յուրաքանչյուր խնդրի։

Բնականաբար, տեղեկացված եմ, թե ինչպիսի խնդիրներ, առավելություններ և թերություններ ունի քաղաքը, բնակչության որ հատվածն ունի զբաղվածության և այլ խնդիրներ։

-Ինչպե՞ս կգնահատեք  բնակչության սոցիալական վիճակը

Ո՞րն է քաղաքապետարանի դերն այդ վիճակը բարելավելու հարցում:

– Ասեմ, որ բնակչության սոցիալական խնդիրները մշտապես գտնվել և գտնվելու են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Պարբերաբար կազմակերպվում են քաղաքացիների ընդունելություններ, հանդիպումներ բնակիչների հետ. փորձում ենք հնարավոր լուծումներ տալ սոցիալական խնդիրներին: Գիտեք, սոցիալական վիճակը տարբեր իրադրություններում ունենում է տարբեր դրսևորումներ և մենք պետք է կարողանանք տվյալ իրավիճակից բխող համարժեք մոտեցումներ կիրառել: Սոցիալական ուղղություն ունեցող խնդիրների նկատմամբ: Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից ցուցաբերվում է ընդգծված հոգատար վերաբերմունք:

-Մշակույթ, սպորտ, ժամանց. Ինչպիսի՞ն է իրավիճակը Ծաղկաձորում այս առումով:

– Մինչ համավարակը ,կարող եմ ասել ,որ բավականին աշխույժ: Լավ գիտեք, որ լինելով կենտրոնական քաղաք՝ Ծաղկաձորում տեղի են ունենում ինչպես արտերկրի տարբեր կառույցների, մայրաքաղաքի, հանրապետության տարբեր մարզերի ու գերատեսչությունների կողմից կազմակերպվող  միջոցառումները, այնպես էլ մարզական, մշակութային ու ժամանցային նախաձեռնություններ ենք իրականացնում:

Ծաղկաձորում ունենք շատ գեղեցիկ զբոսայգի ,որը ձգվում է դեպի անտառ՝ զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելելու Ծաղկաձորի անտառային շունչը։

Եվ եթե այս ամենին էլ հավելում ենք քաղաքի զբոսաշրջային հնարավորություններն ու աշխուժությունը, ապա պատկերն առավել ամբողջանում է:

Իսկ ինչպե՞ս է գործում մարզպետհամայնքի ղեկավար  փոխադարձ կապը:

– Շատ նորմալ: Բոլոր մարզպետների հետ առկա է մարդկային՝ ջերմ և աշխատանքային՝ կառուցողական հարաբերություններ:Բնակիչների հետ շփումները ևս արդյունավետ են. ազատ, զերծ՝ ավելորդ պաշտոնականություններից:

-Ծաղկաձորը զբոսաշրջային զարգացած քաղաք դարձնելու համար

 ուրիշ ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել։

— Ծաղկաձորը գրավիչ դարձնել տարվա բոլոր չորս եղանակներին, առաջարկել այլընտրանքային ծառայություններ, օրինակ,  ձիերով, հեծանիվներով, ամենագնացներով արշավներ, որոնց միջոցով հնարավորություն կստեղծվի վայելել Ծաղկաձորի բնության հրաշալի տեսարանները. զարգացնել էկոտուրիզմը։ Մենք հարուստ ենք սարերով, որը ոչ բոլոր պետություններին է հատուկ, և այդ արշավների միջոցով այլ պետությունների բնակիչներին կարող ենք պարգևել անմոռանալի հաճույք։

Մենք նաև ուզում ենք Ծաղկաձորի հյուրանոցային ասոցիացիայի շրջանակներում կազմակերպել չարտերային թռիչքներ, քանի որ գիտեք, որ ավիատոմսի արժեքը շատ մեծ դեր է խաղում զբոսաշրջության զարգացման գործում։

-Դուք լեռնադահուկորդ եք,դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը ։ Քանի՞ տարեկանից եք զբաղվել այդ սպորտաձևով։

-Երկու տարեկանից։ Դա ընտանեկան մարզաձև է, որն ինձ շատ հոգեհարազատ է, իմ արյան մեջ է։ Այն շատ գեղեցիկ, էքստրեմալ ու դժվար մարզաձև է, որի շնորհիվ հաղթահարում և ձերբազատվում ես վախի զգացողությունից։

Ես եղել եմ Հայաստանի չեմպիոն, հանդես եմ եկել Խորհրդային Միության կազմում, մասնակցել եմ աշխարհի առաջնություններին։ 2001թ. վերջին անգամ մասնակցեցի աշխարհի առաջնությանը Ավստրիայում և թողեցի սպորտաձևը՝ ճանապարհ տալով երիտասարդներին։

-Համաշխարհային տուրիզմը վնասներ է կրում կորոնավիրուսի տարածման հետ կապված։ Բնականաբար, Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ վնասներից,որպես տուրիստական քաղաք ի՞նչպիսին է այստեղ պատկերը:

-Հայաստանում տարեցտարի զբոսաշրջությունը զարգանում է, այս տարի ավելի շատ զբոսաշրջիկներ էին սպասվում։ Ծաղկաձոր այցելողների հիմնական մեծ մասը կազմում էին սփյուռքահայերը, բայց չեկան:Հիմա կարող եմ ասել, ,որ ներքին զբոսաշրջության ակտիվություն է նկատվում:

-Այսինքն՝ կան այնքանով, որքանով այս սեզոնին Ծաղկաձորում հանգստանում են։

-Այո,իմ  անձնական խնդրանքն է, որ Ծաղկաձորի հակագովազդ չանեն ոչ մեկ ու թող իրականությունը գան, տեղում պարզեն։  Ծաղկաձորում մեր հայրենակիցներին մենք կարողանում ենք օգտակար լինել։ Ու մենք՝ հայերս, էդքան չկա՞նք, որ կարողանանք մեր հայրենակիցներին օգտակար լինենք, նորմալ ապահովենք ու համատեղ ամբողջ աշխարհին ապացուցենք, որ մենք ամենամաքուր ազգն ենք։ Շատ բարձր մակարդակով կազմակերպված է հանգիստը քաղաքում,բոլոր կանոնները պահպանված են։ Եվ իմ շնորհակալությունն եմ հայտնում, որ կարողացանք էս ամեն ինչը նման գեղեցիկ մակարդակով կազմակերպել, որ մարդիկ էլ իրենց լավ զգան:

-Պարոն Հարությունյան,կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված,հանրապետությունում արտակարգ դրությունը կդադարեցվի,փոխարենը կարող է սահմանվել կարանտին,ի՞նչ մթնոլորտ կտիրի Ծաղկաձորում,կարանտինի գոտում կիրառվում է մուտքի–ելքի սահմանափակում:

-Դեռ օրենքը ուժի մեջ չի մտել,սակայն,ինչպես ծաղկաձորցին հյուրընկալ եղել է,այնպես էլ շարունակելու է մնալ:Կյանքն ընթանալու է այնպես ,ինչպես կարանտինի պայմանները պահանջելու են:Նշեմ,որ քաղաքապետարանը բավականին աշխատանքներ է կատարում սանիտարահիգենիկ պայմաններ ապահովելու ուղղությամբ:Ջրցան մեքենաների օգնությամբ քլորով մաքրվում են ճանապարհները և երկաթբետոնե կառուցվածքները:

Իմ սերն ու նվիրվածությունը առ քաղաք այնքան մեծ է և անչափ, որ Ծաղկաձորն համարում եմ իմ ճակատագիրը: Իմ ճակատագի՛ր Ծաղկաձոր, իմ սե՛ր Ծաղկաձոր:

Mnews.am