«Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում».Սամվել Դարբինյան

4

 

Արդեն մի քանի հրապարակումներով տեղեկացրել ենք, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի պարտքի պատճառով Վանաձոր համայնքի բյուջեն 13 միլիոն դրամի չափով արգելանքի տակ է:

Այս առնչությամբ՝ mnews.am -ի լրագրողը փորձեց մի քանի հարց ուղղել քաղաքապետին:

-Պարոն Դարբինյան արդեն մի քանի օր է տարբեր մեկնաբանություններ ենք լսում այս թեմայի շուրջ , կմանրամասնեք ի՞նչ է իրականում տեղի ունեցել..

– Մի շարք լրատվամիջոցների այդ հարցին արդեն պատասխանել եմ՝ ասելով, որ սկսել եմ մտածել, որ յուրաքանչյուր լավ գործ պատժվում է …Ի՞նչ է տեղի ունեցել. 2007 թվականից 12 ընտանիքների հետ պայմանագրեր եմ ստորագրել՝ Վանաձորում կառուցվող էլիտար շենքում նրանց բնակարաններով ապահովելու կամ համարժեք դրամական փոխհատուցում տալու մասին: Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի և Մյասնիկյան փողոցի հատման հյուսիսարևելյան մասում 1988թ. երկրաշարժի հետևանքով քանդված շենքի բնակիչները մինչև 2007թ. բնակվել են այդ նույն տարածքում, ժամանակավոր կացության տնակներում` սպասելով բնակարանների հատկացման: Այդ տարիների ընթացքում տարբեր հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքապետարանի միջոցներով 80 բնակարանն ենք կառուցել: Այնպես որ սա նոր գործընթաց չէր ինձ համար, որ խառնաշփոթություն առաջանար։ 12 ընտանիքներից 11-ը եկան, վիճակահանությանը մասնակցեցին, ու հիմա նրանք իրենց բնակարանների սեփականատերերն են արդեն. գոհ են ամեն ինչից, շնորհակալությունն են հայտնում, որ վերջապես իրենց տունն ունեցան։ Դժգոհ է միայն այդ մեկ ընտանիքը։ Ինչո՞ւ. ոչ նրա համար, որ իրենց բնակարան չենք տվել, այլ ուղղակի դիտավորյալ չեն եկել բնակարանը ստանալու:

Մենք խնդիր չունենք, առավել ևս՝ քաղաքապետարանի բյուջեն, որի մասին այդքան խոսվում է, չի կարող տուժել ,չնայած բացառում եմ, որ նման որոշում կլինի, այնուամենայնիվ՝ մենք կփոխհատուցենք գումարը. այդ բնակարանը կվաճառենք և գումարը բյուջե կվերադարձնենք: Սա պետական խնդիր է, այլ ոչ թե՝ քաղաքապետի կամ քաղաքապետարանի։ Սակայն, յուրաքանչյուր պետական պաշտոնյա պարտավոր է իր վրա վերցնել նաև իր պետության խնդիրների ծանրության մի մասը և որպես անձ ,և որպես քաղաքապետ։ Եթե ժողովրդի կողմից ընտրված մարմին եմ, ինչպե՞ս կարող էի անտարբեր նայել այդ խնդրին:

Պետության շահն եմ պահել , երկու շահերի համատեղության ընթացքում բնակիչներին խոստացա , ինչպես նաև գործարարներին խնդրեցի և նրանց հետ համաձայնության գալով՝ սկսեցինք աշխատանքները: Իսկ որպեսզի բնակիչները շահեկան վիճակում լինեին՝ մենք պայմանագիր կնքեցինք նրանց հետ ։ Չէ՞որ հնարավոր էր, որ ես քաղաքապետ չընտրվեի,կամ որևէ դժբախտ դեպք պատահեր ինձ հետ… ուստի ասեցի նրանց, որ եթե բնակարանները չկառուցվեն՝ պարտավորվում եմ գումարները փոխհատուցել բնակարների շուկայական գներով։ Որպեսզի նրանք կարողանան կազմակերպությունից և քաղաքապետարանից իրենց փոխհատուցումը ստանալ: Սեպտեմբեր ամսին վիճակահանություն եղավ , որին միայն այդ ընտանիքը չմասնակցեց՝ պատճառաբանելով , թե քաղաքում չեն եղել։ Մնացած 11 ընտանիքները, ինչպես նշեցի, իրենց սեփականության վկայակաները ստացան ,իսկ այդ մեկ ընտանիքը փորձեց այդ պայմանագրից օգտվել: Ամբոջ խնդիրը սա է :

-Շատ է խոսվում այն մասին, որ Վանաձորի քաղաքապետարանը կոռուպացված է…

-Ես հինգերորդ անգամ քաղաքապետ եմ ընտրվել և բնական է, որ իմ որոշ մրցակիցներ ինձ թշնամի են համարում։ Բայց նաև ասեմ,  որպես քաղաքապետ ,նրանց բոլոր խնդիրներին լուծում եմ տվել:Ես երբեք ինձ թույլ չեմ տվել նրանց գործերը անտեսել, ինչ կապված է եղել քաղաքապետարանի հետ՝ օրենքի սահմաներում ամեն ինչ լիարժեք արվում է : Յուրաքանչյուր խնդիր միայն օրինական ճանապարհով է լուծվում այստեղ:

Իմ բաժնի բոլոր պետերը իրենց աշխատանքում օրենսդրական դաշտից որևէ շեղում թույլ չեն տվել։ Այնքան աուդիտներ են եկել -գնացել, վերահսկիչ պալատն է ստուգումներ անցկացրել, որևէ անգամ խախտում չի եղել:Ես այստեղ իրականացնում եմ իմ երկրի նախագահի քաղաքականությունը:

Այդ դեպքում, նման խոսակցություններն ինչո՞ւ են այդքան շատ։

– Ուղղակի, մարդիկ կան, որ անընդհատ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ:

 -Մեր զրույցի վերջում Սամվել Դարբինյանը նշեց, որ ո՛չ աճուրդը շահած կազմակերպությունն է հրաժարվում իր պարտավորությունները կատարելուց (շենքը կառուցելուց), ոչ էլ ինքը՝ բնակարանը բնակչին հանձնելուց:

Նշենք, որ Չատինյանների ընտանիքը, համաձայնագրի համաձայն, դիմել են ԴԱՀԿ ծառայություն՝ հարկադիր կարգով պարտավորեցնելու պարտապաններին՝ կատարելու պայմանագրի պայմանները: Վանաձոր համայնքի բյուջեն այժմ կալանքի տակ է: