30 Հունվարի, 2017

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղը գտնվում է  Վաղարշապատի տարածաշրջանում։ Այսօր գյուղն ունի մոտ 1400 բնակիչ:   Բնակչությունը հիմնականում  զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ,կաթնամսատու անասնապահու-թյամբ, թռչնաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային կուլտուրաներ: Համայնքի  հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատումը:

 Ծաղկունք համայնքն իր հոգսերով առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում մյուս գյուղերից: Տարբերությունը դրանց նկատմամբ մոտեցումն է: Ամեն մի թիզ հողի հանդեպ սրտացավությունն էլ հենց առանձնացնում է այս գյուղը մյուսներից: Կարևորը, որ գյուղապետի հավաստմամբ գյուղում փակ տուն չկա, բոլորը բնակելի են. մշտական արտագաղթն այս գյուղին չի սպառնում: Ասում են՝ երբ խնդիրները չեն լուծվում, ուրեմն դրանք դեռ հասարակական նշանակություն ձեռք չեն բերել: Այսինքն՝ յուրաքանչյուր խնդիր պետք է բոլորինը դառնա, որ հնարավոր լինի հաղթահարել.«Գյուղով համախմբված ենք, մեկս մյուսի կողքին է, եթե ունենում ենք խնդիր, համայնքի ժողովում բնակչության հետ որոշում ենք մեր անելիքները:Ես էլ, ավելի պարտավորված զգալով բնակիչների հանդեպ, պիտի ավելի շատ աշխատեմ` անհնարինը հնարավոր դարձնելով»,- հավաստիացնում է գյուղապետը: Հենց այդ համախմբվածությունն է նաև Դավիթ Կարապետյանի պաշտոնավարման օրոք համայնքի գրանցած հաջողությունների պատճառը.«Այսօր հողի հարկերի ու տուրքերի հետ կապված պարտքեր չունենք, իսկ նախկինում եղել են: Հարկավոր է գիտակցել,որ յուրաքանչյուրը պարտավոր է իր հարկերը վճարել,իսկ այդ պարտավորվածության ու պարտականության մասին պետք է կարողանաս մարդուն բացատրել: Երևի թե դա հաջողվեց մեզ:

Ծաղկունքցիներն իրենց երիտասարդ համայնքապետի նվիրվածության ու իր  անդուլ աշխատանքի շնորհիվ, անընդմեջ  գործող գյուղապետին են իրենց ձայնը տալիս,  հույս ունենալով, որ ավելի բարեկեցիկ կդարձնի  իրենց գյուղական դժվար կյանքն ու առօրյան: Գյուղապետն անկեղծորեն խոստովանեց, որ շատ է սիրում գյուղը, գյուղատնտեսությունը, իր աշխատանքը. մարդը յուրաքանչյուր բնագավառում պետք է սիրով աշխատի, որ կարողանա պատվով դուրս գալ ցանկացած իրավիճակից:

2001թ-ին   կայացած ՏԻՄ ընտրություններում Արմավիրի  մարզի Ծաղկունք   համայնքի ղեկավար   ընտրվեց և տարիներ շարունակ վերընտրվում է Դավիթ Կարապետյանըով հատուկ պարտաճանաչությամբ ու հաստատակամությամբ  ձեռնամուխ է եղել հարազատ գյուղն ավելի բարեկեցիկ դարձնելու գործին։ 

mnews-am-ի լրագրողի հետ ունեցած զրույցում Դ. Կարապետյանը  ներկայացրեց, թե ի՞նչ հիմնախնդիրներ ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծում տալու համար, հետագայի ի՞նչ ծրագրեր կան:

 – Արդեն երկար տարիներ է  ինչ Դուք ղեկավարում եք համայնքը: Իսկ այդ  տարիները  քիչ ժամանակ չեն ՝ գյուղում հիմնարար փոփոխություններ կատարելու և որոշակի խնդիրներ լուծելու համար:

-Անշուշտ, ես փորձել եմ անտեղի չվատնել այդ տարիները և հնարավորինս օգտագործել ինձ տրված ժամանակահատվածը `գյուղի հիմնախնդիրները լուծելու համար: Բոլոր խնդիրները թվարկել ,կարծում եմ, հնարավոր չէ: Ասեմ միայն, որ իմ պաշտոնավարման առաջին տարվանից ի վեր իրենց լուծմանն են սպասել տասնյակ խնդիրներ: Բայց այդ փաստն ինձ ամենևին չի վախեցրել: Ես ստանձնել եմ գյուղապետի պաշտոնը `աշխատանքի ողջ ծանրության հստակ գիտակցմամբ: Նշեմ դրանցից մի քանիսը . երբ ես ընտրվեցի համայնքապետ հավատացեք չգիտեի թե ինչից սկսեի, կարելի է ասել իմ հարազատ գյուղը, իմ ծննդավայրը, գտնվում էր քանդված վիճակում: Խմելու ջուր  չկար, նոր թաղամասերում էլեկտրաէներգիա չկար, պատկերացրեք, որ նոր էլեկտրասյուներ ենք կառուցել, որպեսզի ժողովուրդը լույս ունենա: Գյուղի ճանապարհներն են վերանորոգվել, խմելու ջրի ամբողջ ջրագծերն են փոխվել: Ես միշտ իմ համագյուղացու կողքին եմ թե՛ ուրախության, թե՛  տխրության պահին…

– Ինչպե՞ս են ապրում Ծաղկունք գյուղը, ծաղկունքցիները:

– Նորմալ, գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, կարելի է ասել ամեն ինչ իր հունի մեջ է ընթանում:

 – Շուտով կանալիք ընտրություններից ի՞նչ կասեիք. ինչպիսի՞ն է կապը ժողովրդի ընտրյալի՝ ձեր պատգամավորի հետ։

-Կապը մշտական է և կայուն:  Պատգամավոր  Սեդրակ Սարոյանը մշտապես հանդիպում է մեր բնակչության, ինչպես նաև գյուղապետերի հետ, քննարկում ենք  մի շարք հարցեր և խոստանում է մեր ներկայացրած խնդիրները ներկայացնել և քննարկել  ԱԺ-ում: Մեր գյուղի ամենառաջնային խնդիրը  ներկայացրեցի պատգամավորին, դա մեր համայնքում մանկապարտեզի կառուցման հարցն էր:

 Նախորդ տարիների խոստացած խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել:

– Ինչ խոստում որ տվել եմ` բոլորը կատարել եմ: 2001 թ.-ի մարտի 11-ին` առաջին անգամ երբ ընտրվել եմ, գյուղը շատ հիմնախնդիրներ ուներ, առաջին հերթին ոռոգման ջրի խնդիրն էր, որը բացարձակապես չկար: Խնդիրը կարգավորել ենք գեներալ  Սեյրան Սարոյանի աջակցությամբ: Ես 1992 – 2001 թթ. եղել եմ նրա մարտընկերն ու գործընկերը, ժողովրդի պահանջով եմ ստանձնել գյուղի համայնքապետի պաշտոնը, որի արդյունքում խորքային նասոսներ ենք տեղադրել և գյուղն ապահովել մշտական ջրով: Ճանապարհներն ենք վերականգնել, խճապատել, գյուղը գազիֆիկացրել ենք, լուսավորել, հատկապես` նոր թաղամասում, որտեղ ո´չ ճանապարհ կար, ո´չ գազ, ո´չ լույս: Նոր թաղամասում նոր էլեկտրասյուներ ենք տեղադրել, էլեկտրակայան: Խմելու ջուր ենք անցկացրել:

Ամեն ինչով աջակցում ենք բնակչությանը, սոցիալական շատ օգնություններ տրամադրում վիրահատության, ուսման վարձի հետ կապված: Դպրոցի աշակերտներին, ովքեր ուսման համար այցելում են հարևան Ծիածան գյուղ, որը կպած է մեր գյուղին, իսկ մեր գյուղում դպրոցի շենք չկա, յուրաքանչյուր սեպտեմբերի 1-ից առաջ շատ որակյալ պայուսակներով և գրենական պիտույքներով ենք ապահովում:

– Հաշվի առնելով, որ գյուղն Էջմիածնին մոտ է` կարելի՞ է ասել, որ շատերն աշխատանք են գտնում նաև քաղաքում: Մյուս կողմից` գյուղից արտագաղթ կա՞, կամ` շա՞տ են արտագնա աշխատանքի մեկնողները:

– Արտագաղթը շատ չէ, բայց առանձին դեպքեր կան, իսկ արտագնա աշխատանքի մեկնողները ձմռանը վերադառնում են: Կարող եմ նշել, վերջին ժամանակահատվածում գյուղից գնացողը ցանկանում է վերադառնալ, երևի թե դա էլ իր հերթին պայմանավորված է գյուղի բարելավման հետ, ինչն ուրախալի է:

-Ձեր գյուղը ևս անմասն չի մնացել Արցախյան ազատամարտիցԻ՞նչ աշխատանքներ են կատարվում զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:

– Մեր հերոս զավակների ընտանիքները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են. օգնում ենք բոլոր հնարավոր միջոցներով: Ինչպես ուրախ առիթներով ենք իրենց կողքին, այնպես էլ տխուր:

– Որո՞նք են եղել այն խոստումները, որոնք տվել եք  ծաղկունքցիներին` առաջիկա տարիներին կատարելու համար:

– Ինչ խնդիրներ էլ որ կան, բոլորը պետք է լուծենք, աջակցենք, կարգավորենք: Գլխավոր խնդիրը մանկապարտեզնն է, որի շենքը վթարային է, անհնար է այլևս շահագործել, միջոցներ են պետք նորը կառուցելու համար: Նախկինում դիմել էինք ՀՀ կառավարությանը, խոստացել են` կհատկացնեն որոշակի միջոցներ, որով տեսնենք` ինչ կկարողանանք կատարել: Ամբողջ գյուղով մի ընտանիքի պես ենք, իրար օգնում, ապրում ենք: Գրեթե բոլորն իրար հարազատ մարդիկ են:

Որքա՞ն է կազմում Ծաղկունքի բյուջեն, այն որքանո՞վ եք հասցնում կատարել` այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում, գույքահարկի և հողահարկի հավաքագրումների միջոցով, և ՀՀ կառավարությունից դոտացիաներ ստանո՞ւմ եք:

– Դոտացիաներ, այո, ստանում ենք, տարեկան 14 մլն դրամ, ամենաքիչը երևի մենք ենք ստանում, իսկ բյուջեն կատարում ենք 100 տոկոսով: Գյուղի տարածքում են տեղակայված ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի «Գոլդեն Սիթին», փոքր ու միջին խանութներ էլ կան: Գյուղում ունենք լավ գրադարան, բուժկետ, որոնք հիմնովին վերանորոգված են: Սակայն 2016թ. կատարողականը շատ դժվարոթւյամբ հավաքագրվեց, իսկապես տարեցտարի սոցիալ-տնտեսական կյանքը նահանջ է ապրում:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մարդկանց վստահությունը շահելու հիմնական նախապայմանը։

-Գիտեք, գյուղը մեծ ընտանիք է, ոչինչ գաղտնի չես կարող անել այնտեղ։ Եթե աշխատում ես՝ մարդիկ տեսնում ու գնահատում են այն։ Համայնքապետ-բնակիչ ակտիվ կապի ու մշտական քննարկումների շնորհիվ մեր միջև առողջ փոխհարաբերություններ են ձևավորվել, ինչն էլ՝ փոխադարձ վստահության մթնոլորտ է ստեղծել։

-Ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք։

– Ծրագրերը  շատ են, ամենամեծ խնդիրը ինչպես նշեցի, գյուղում դպրոց և  մանկապարտեզ չունենք: Կառավարության ծրագրով միայն կարող ենք այս հարցին լուծում տալ, թե չէ համայնքի բյուջեից հնարավոր չէ նման ծախսեր թույլ տալ։ Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և  ԱԺ պատգամավոր ՝ Սեյրան Սարոյանը խոստացել են ,որ գյուղում մանկապարտեզ կկառուցեն: Արդեն  տարածք ենք  հատկացրել: Համայնքի միջոցներով անցկացվում է գլխավոր փողոցի լուսավորությունը: Միջհամայնքային փողոցներն են վերանորոգված: Սրանք իրականացված աշխատանքների ցանկից են, որոնք թվարկելուց հետո համայնքի ղեկավարը անդրադառնում է նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Կարևորը, որ գյուղապետի հավաստմամբ գյուղում փակ տուն չկա, բոլորը բնակելի են. մշտական արտագաղթն այս գյուղին չի սպառնում:

– Եվ վերջում` Ձեր կոչը, Ձեր խոսքը` ծաղկունքցիներին:

– Ամենակարևորը` երկրում խաղաղություն լինի, բոլորն առողջ լինեն, ամբողջ գյուղով իրար հարգենք, սիրենք: Հասկանանք, որ ղարաբաղյան պատերազմը դեռ չի ավարտվել, պետությունը շատ հոգսեր ունի, խնդիրներ, մեր ղեկավարությունն էլ մտածում է, որ այնպես անի, որ ժողովուրդը լավ ապրի, բարեկեցիկ, բայց հասցնում է այնքան, որքան հասցնում է, որովհետև բանակն է սպառազինում, սննդի, հագուստի խնդիրներ է լուծում: Կարծում եմ` այդ ամենը տեսնում է մեր բնակչությունը և գնահատում: Իմ միակ որդին էլ ծառայել է բանակում, համագյուղացիներն ասում էին` ոնց կլինի, որ Դավիթի տղան բանակ գնա: Բայց ինչո՞ւ պիտի չգնար, տղամարդը պետք է ծառայի, ծառայել է Վարդենիսում` Զոդում: Այնպես որ` մեր Ծաղկունքի բնակչության բոլորից մեկն եմ, հարգում և սիրում եմ բոլորին:

Կցանկանայի, որ երբեք չկորցնեին լավատեսությունը և հավատային , որ այս պետությունը հզոր է առաջին հերթին իրենցով`այս հողի վրա քրտինք թափող ու բարիք արարող մարդկանցով….

kotayk

Լրահոս