11 Սեպտեմբերի, 2020

Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքը գտնվում է Բաղրամյանի տարածաշրջանում։ Ստեղծվել է երբեմնի հզոր արդյունաբերական հիմնարկ ձեռնարկությունների բազայի վրա` որպես«Խոզաբուծական սովխոզին կից ավան»։ Լեռնագոգ է վերանվանվել 1978 թին։ Լեռան լանջին գտնվելու տեղադիրքով էլ պայմանավորված ստացել է այդ անվանումը։ Գյուղը տեղադրված է Արտենի լեռան լանջին՝  ծովի մակարդակից 1035մ բարձրության վրա։ Համայնքն ունի 2340 բնակիչ, այստեղ բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, պտղաբուծությամբ եւ անասնապահությամբ: Բնակչությունը տեղափոխվել է հարակից գյուղերից և Հայաստանի այլ շրջաններից։ Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ 

Լեռնագոգ համայնքի ղեկավար Սարգիս Մարգարյանը Mnews.am-ի լրագրողի հետ ունեցած զրույցում ներկայացրեց, թե ի՞նչ հիմնախնդիրներ ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծում տալու համար:

Գյուղում այս ամռան տապին  եռուզեռ է, շինարարական աշխատանքներ են կատարվում: Համայնքը՝ միջին մեծության է, խնդիրներով, հոգսերով ու նաև՝ պահանջներ առաջ քաշող, բայց և աշխատանքը սիրող  և հարգող բնակչությամբ: Լեռնագոգ համայնք կատարած այցելության ժամանակ մենք պարզեցինք, որ լեռնագոգցիները  հարգալից վերաբերմունք են տածում իրենց համայնքի ղեկավարի հանդեպ: 

Պարո՛ն Մարգարյան  շուրջ 18 տարի է  ինչ ղեկավարում եք համայնքը: Իսկ այդ  տարիները  քիչ ժամանակ չեն գյուղում հիմնարար փոփոխություններ կատարելու և որոշակի խնդիրներ լուծելու համար:Պատմեք մի փոքր ձեր անցած ուղու և գործունեության մասին: 

-Լեռնագոգ համայնքի ղեկավար եմ շուրջ 18 տարի՝ 2002 թվականից։ Ընկերներիս հորդորով, ինչպես նաև համագյուղացիներիս ցանկությամբ առաջադրվեցի  և հաղթեցի հերթական ՏԻՄ ընտրություններում, և դրանից հետո անընդմեջ վերընտրվել եմ։ Իսկ մինչ համայնքի ղեկավար առաջադրումս աշխատել եմ Բաղրամյանի  «ՀայՌուսգազարդ ՓԲԸ» – ում, որպես բաժնի պետ, նաև Բաղրամյանի ալրաղացում: Մշտապես կանգնած եմ եղել համագյուղացիներիս կողքին, իմ անձնական միջոցներից  օգտակար եղել, քանի որ բավականին բարձր աշխատավարձ էի ստանում այդ տարիներին: Անշուշտ, փորձել եմ անտեղի չվատնել այդ տարիները և հնարավորինս օգտագործել ինձ տրված ժամանակահատվածը գյուղի հիմնախնդիրները լուծելու համար։ Այդ տարիներից սկսած բավականին ծավալուն աշխատանքներ են կատարվել,զգալի առաջընթաց ունեցանք: Գյուղը շատ անմխիթար վիճակում էր երբ ընտրվեցի, մթնոլորտը շատ վատն էր:

Գիտեմ ինչպես վերաբերվել բնակչին, հարգանք ունեմ վաստակած բնակչության լայն շրջանում, պաշտոնավարման տարիներին բավականին աշխատանքներ եմ կատարել, կարող եք ինքներդ շրջել և ականատես լինել,այնուամենայնիվ նշեմ գյուղի համար ամենամեծ ձեռքբերումներից մի քանիսը: Առաջին գործը միանգամից կարողացանք գազաֆիկացնել ամբողջ համայնքը:Համախմբված են այստեղ,ինչ արել ենք մեր համար ենք արել, ես մենակ հաստատ չէի կարող անել,խմելու ջրի խողովակներ ենք անցկացրել միհամուռ ուժերով,համայնքի բոլոր տղամարդկանցով աշխատել ենք,իսկապես մեր երեխաների, ընտանիքների համար ,առանց վճարման:

ՀՀ Կառավարության կողմից Լեռնագոգ համայնքում սուբվենցիոն ծրագրով աշխատանքներ են կատարվում։ Կներկայացնեի՞ք:

-Այս պահին համայնքում եռուզեռ է,շինարարական աշախտանքներ են ընթանում,ցանկանում եմ նշել ,որ երբևէ պետական որևէ ծրագրի շրջանակներում Լեռնագոգում աշխատանք  չի կատարվել։ Այս տարի բացառություն է,որոշեցինք ունենալ մասնակցություն, համաֆինանսավորմամբ համայնքի համար շատ կարևոր գործ անել,քանի որ համայնքի համար հիմնախնդիր էր և բավականին ծախսատար: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքում ոռոգման ջրագիծ կկառուցվի․ 3750 գծմ երկարությամբ ջրագիծը կապահովի շուրջ 15 հա տնամերձ և գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքների ոռոգումը:Ծրագրով նախատատեսված աշխատանքների ընթացքում կհիմնանորոգվեն Պ. Սևակ և 5-րդ զուգահեռ փողոցների միջև ընկած հողատարածքների գլխամասերով անցնող և Խաչատրյան-Գալշոյան փողոցների մեկ ընդհանուր անասնատարի միջով անցնող ջրագծերը: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 222 նոր շահառու, կավելանա պտղի, բանջար-բոստանային կուլտուրաների արտադրության ծավալը, կբարելավվեն բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները, իսկ նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվեն ժամանակավոր աշխատատեղեր:

Կորոնավիրուսի համավարակ  COVID-19-ի հետ կապված Լեռնագոգում ի՞նչ միջոցառումներ են կատարվում։

Բոլորին հորդորում ենք դիմակ կրել և հետևել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին,իրազեկում ենք,որպեսզի  միասնական կամքով և հետևողականորեն կարողանանք հաղթահարել աշխարհը պատուհասած չարիքից։ Արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով,որը շատ մեծ դժվարությունների առաջ է կանգնացնելու մարդկանց։

Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի ունեք մշակած, որոնք են առաջնահերթությունները:

-Ամեն տարի վերանայում ենք մեր ծրագրերը ,հիմնախնդիրները հիմնականում երկու ուղղվածություն ունեն՝ ոռոգման ջրի հիմնանորոգում,  նաև ճանապարհների հարցը.  գյուղամիջյան ճանապարհները անմխիթար վիճակում են, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում,մանկապարտեզ ունեցել ենք համայնքում,գործում էր,  նույնիսկ 8 տարի շարունակ Արմավիրի մարզում ճանաչվել է լավագույն մանկապարտեզ: Բայց գործնեությունը հիմա ծավալում ենք դպրոցին հատկացված  մասնաշենքերից մեկում, որը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից հիմնանորոգվեց որպես մանկապարտեզ,պայմանն այդպիսին էր, եթե ուզում եք ունենալ մանկապարտեզ,դպրոցի մասնաշենքի մի մասը կարող էր ծառայել: Առանձին մանկապարտեզը չէինք կարող հիմնանորոգել,ծախսերը բավականին էին,շենքային պայմանները՝  վատը: Քանի որ դպրոցը վերանորգում էին որպես դպրոց, այդպես ավելի հարմար էր, արժեքավոր աշխատանք կատարեցին Լեռնագոգում: Նույնիսկ մեր համագործակցության արդյունքում նաև բուժամբուլատորիան վերանորոգվեց: 

Ինչո՞վ են զբաղվում այստեղ մարդիկ. կ՞ան արտագնա աշխատանքի մեկնողներ,ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը:

-Լեռնագոգցին շատ աշխատասեր է .հիմնականում զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ,արդյունաբերական ճյուղն է զարգացած,այստեղ եղել են 4 խոշոր գործարաններ և բոլորը ունեցել են պետական աշխատանքներ:Համայնքում խնդիրները շատ-շատ են ,բայց գերխնդիր ոռոգման ջուրն էր,շատերը չեն մշակում իրենց հողերը և գնում են օրավարձով աշխատում ուրիշ համայնքներում։ Այս տարի մեծ դժվարությունների առաջ ենք կանգնած,քանի որ դպրոց, մանկապարտեզ չեն հաճախում երեխաները, դա լրացուցիչ մտահոգություն է ընտանիքներում, երեխաների խնամքի հարց է առաջանում,կամ շատերը չկարողացան օգտվել պետության  կողմից հակաճգնաժամային միջոցառման աջակցությունից,քանի որ հողագործությամբ զբաղվողները գրանցված աշխատողներ չեն։Շատերը գնում էին արտագնա աշխատանքի, սակայն այս տարի նույնպես գիտեք չեն կարող մեկնել,կարող եմ ասել մի կերպ գոյատևման համար աշխատում են տարբեր համայնքներում։ Իսկ համայնքում բնակիչների սոցիալական վիճակը այս տարի կարելի է համարել ոչ բավարար:

Պետությունհամայնքապետքաղաքացի, թերևս նաև այս շղթայի միջոցով  է տեղի ունենում պետության և քաղաքացու երկխոսությունը: Դուք այս շղթայում Ձեր ղեկավարած համայնքի պատասխանատուն եք: Արդյունավե՞տ է այն գործում:

– Այս հարաբերություններում ոչ պակաս կարևոր դեր ունի ուժեղ համայնքապետը: Պետք է կարողանա ճիշտ կատարել և ներկայացնել թե՛ պետության պահանջները, թե՛ համայնքի խնդիրներն ու շահերը: Պետք է առաջնորդվի մեկ պատասխանատվության զգացումով և մեկ սկզբունքով՝ «Գյուղի հոգսը նաև իմ հոգսն է»:

Մշտապես համայնքապետարանի  ուշադրության կենտրոնում են հաշվանդամություն ունեցող անձինք, սոցիալապես անապահով ընտանիքները,հրատապ վիրահատական անհրաժեշտության դեպքերին, ում օգնության ձեռք է մեկնվում ամեն անհրաժեշտ պահի:Իմ ուշադրությունից չի վրիպում նաև ազգային ավանդական տոների, ծեսերի պատշաճ անցկացումը: Անպայման նշվում են տոները` ընդհանուր մասնակցություն ապահովելով, նվերներ ենք բաժանում և այլն: Այս ամենն, ի վերջո, համայնքի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի վրա է դրականորեն ազդում:

Եվ վերջում, ի՞նչ կցանկանաք Ձեր համայնքի բնակիչներին:

-Նախ և առաջ, մեր երկրին կցանկանամ հզոր տնտեսական զարգացում, բազում աշխատատեղեր, քանի որ երկրի տնտեսական զարգացումը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար:

Ցանկությունս է, որ մեր համայնքի բնակիչներն առավոտյան արթնանան ուրախ ու աշխատանքի գնալու տրամադրվածությամբ:

Mnews.am

kotayk

Լրահոս