Զորակոչից խուսափելու մեջ մեղադրվողի գործը կարճվել է․ քննիչը ԿԲՀ գործողություններում կարգի խախտում է արձանագրել

Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկի քրեական գործը կարճվեց․ առողջական խնդիրներն արձանագրելուց հետո, վիրահատական միջամտություն առաջարկելու փոխարեն, միանգամից զինծառայությանը սահմանափակումով պիտանի են ճանաչել, ինչը կարգի խախտում է։ Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

2019 թվականին զորակոչիկ Վ. Ս.-ն զինծառայությանը սահմանափակումով պիտանի էր ճանաչվել, սակայն նրա ոչ բոլոր առողջական գանգատներն են ուշադրության արժանացել:

Վերջնական եզրակացության մեջ նշված կծվածքի խնդրի շտկման համար էլ վիրահատական միջամտություն չեն առաջարկել, մինչդեռ դա սահմանված է ՀՀ Կառավարության 404-Ն որոշմամբ։

Հետևաբար զորակոչիկը ստիպված հրաժարվել է զորակոչի ծանուցումից, ինչի հետևանքով էլ րեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայությունից խուսափելու հիմքով)։

Հարուցված քրեական գործի ընթացքում էլ զորակոչիկը քանիցս շեշտել է, որ ինքը ոչ թե խուսափում է զինծառայությունից, այլ պարզապես պահանջում է լրաժեք հետազոտել և արձանագրել իր առողջական բոլոր խնդիրները։

Չնայած սրան՝ քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննությունը նույն  արդյունքն է տվել՝ ըստ դրա՝ ի սկզբանե նշված ախտորոշումը հաստատվել է, Վ․ Ս․-ին նորից ներկայացրել են զորակոչի։ Այս պարագայում նրան այլ բան չէր մնում, քան նորից հրաժարվելու ծանուցումն ստանալուց, քանի որ այն պատճառները, որոնց համար նա առաջին անգամ էր հրաժարվել, շարունակում էին մնալ չվերացված։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը հանձն առավ զորակոչիկի իրավունքների պաշտպանությունը:

Եվ փաստաբանի օգնությամբ Վ.Ս.-ին հաջողվեց վերականգնել իր խախտված իրավունքները:

Կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Տ․ Բաբայանը հիմնավոր է համարել այն հանգամանքը, որ խախտվել է Կառավարության որոշմամբ սահմանված կարգը․ զորակոչի ընթացքում, նախքան պիտանիության վերաբերյալ որոշում կայացնելը, զորակոչիկին վիրահատություն չի առաջարկվել, ինչպիսի պայմաններում նրա արարքում հանցակազմ չկա, և 2021 թ․ հոկտեմբերի 6-ին քրեական գործը կարճվել է։

Սրա հիման վրա՝ զորակոչիկին կառաջարկվի վիրահատություն, որի արդյունքներով էլ արդեն նոր որոշում կկայացվի։