Հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են վեց քրեական գործեր՝ թվով վեց բուժհաստատություններում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ, որոնց շրջանակներում ձերբակալվել են երեք բուժաշխատողներ, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումների գործընթացի հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Քննությանը համընթաց շարունակվում են նաև իրականացվել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նմանօրինակ չարաշահումների հնարավոր դրսևորումները հայտնաբերելու և դրանց հետագա ընթացքը խափանելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը հորդորում է զերծ մնալ ապօրինի ճանապարհով «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելուց և դրանք օգտագործելուց՝ հիշեցնելով, որ այսօրինակ արարքները քրեորեն հետապնդելի են և առաջացնում են քրեական պատասխանատվություն:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ չարաշահումների արդյունքում իրական սպառնալիք է ստեղծվում համավարակի հետագա տարածման, բնակչության առողջության պահպանման նպատակով համապատասխան կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար, և ի չիք է դառնում առողջապահական բնագավառում պետության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: