10 Օգոստոսի, 2022

Գլխավոր դատախազությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին (Վովայի Արշակ) գրավով ազատ արձակելու դատարանի որոշման դեմ:

Դատարանի՝ հուլիսի 29-ի որոշմամբ, քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն՝ Արշակ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով։

Միաժամանակ, դատարանը բավարար է ճանաչել այլընտրանքային խափանման միջոցի հնարավորությունը  և Արշակ Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել է գրավը` գրավի չափը սահմանելով 562 միլիոն ՀՀ դրամը։

Արշակ Հակոբյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի ստացել դատախազության ներկայացրած բողոքը, իսկ ինչ վերաբերում է գրավի չափին, ապա դա իրենց պահանջած գրավի չափից 11 անգամ ավելի է. «Մենք խնդրել էինք սահմանել գրավի չափը 50 միլիոն դրամ, սակայն դատավոր Դավիթ Արղամանյանը սահմանել է 562 միլիոն դրամ, այդ մասով մենք բողոքարկելու ենք։ Սահմանված գումարը վճարվել է, բավականին մեծ շրջապատ ունի, փոխառություններ են տրամադրվել, հուսով եմ` մեկ֊երկու տարի հետո գումարը կվերադարձվի։ Ընտանիքը կարողացել է հավաքել 90 միլիոն դրամ։

Ես Վերաքննիչ դատարանին  խնդրելու եմ գրավի չափը վերանայի, եկեք չմոռանանք նաեւ, որ կալանքը մեկ ամսով երկարաձգվել է, այդ մասով էլ ենք բողոքարկելու»։

Իսկ ինչ վերաբերում է գործի ընթացքին, փաստաբանն ասաց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում գործով լրացուցիչ քննությունը շարունակվում է. «Այդ լրացուցիչ քննությունը անիմաստ է, նշված էր` հարցաքննել զոքանչին, ընկերոջը։ Տեսեք, գործով չկա մեկ անձ, որը Արշակի դեմ ցուցմունք է տվել, կամ Արշակի ցուցմունքին հակասող ցուցմունք։ 150 մարդ է հարցաքննվել, բայց նման ցուցմունք չկա»։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/ հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման հատկանիշներով։

kotayk

Լրահոս