Ազատանում որսորդական հրացանով կրակել են դպրոցի տնօրենին

1

 

Այսօր՝ փետրվարի 14-ի առավոտյան, Շիրակի մարզի Ազատան համայնքում հրազենային վնասվածք է ստացել գյուղի դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը: Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ 43-ամյա տնօրենին պատահմամբ կրակել է Ազատանի որսորդներից մեկը:

Ինչպես մեզ փոխանցեց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ որսորդը փորձել է կրակել շանը. «Դիտավորյալ ոչինչ չի եղել: Որսի ժամանակ որսորդական հրացանով կրակել են շան ուղղությամբ, բայց գնդակը կպել է պատին եւ հակադարձել, դիպել է տնօրենին: Ամեն ինչ նորմալ է, մի թեթեւ քերծվածք կա ու վերջ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց համայնքապետը:

Ազատանի դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը մարմնական վնասվածքներով Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամը 09:35-ի սահմաններում: Նրա մոտ ախտորոշվել են գլխի ձախ կեսի հրազենային չթափանցող խուլ վերքեր: Ստացել է համապատասխան բժշկական օգնություն: Առողջական վիճակը գնահատվում է բավարարին մոտ:

Համլետ Ոսկանյանը ինքնակամ հրաժարվել է ստացիոնար բժշկական օգնությունից, ինչն այս դեպքում, ըստ բուժող բժշկի, պարտադիր է:

Դեպքի առնչությամբ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ մանրամասների բացահայտմամբ զբաղվում է Շիրակի մարզային ոստիկանության Ախուրյանի բաժինը: Օպերատիվ խմբի կողմից կատարվում է հետաքննություն:

Armtimes.com