ԱՄՆ–ում հրապարակվել է 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանի դատավճիռը

5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, ով ընդունել է իր մեղքը, դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, հաղորդում է abcnews–ը։

Համապատասխան վճիռն ընդունել է Լոս Անջելեսի Գերագույն դատարանը։

Դատավճռում նաև նշվում է, որ Անդրեսյանին սպառնում է նաև ցմահ ազատազրկում` կախված կալանավայրում նրա վարքագծից։

Ապրիլի 21–ին անհետացած փոքրիկի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 1–ին Սանտա Բարբարայի Կաչումա լճի մոտակայքում։ Խուզարկուները կարծում են, որ 35–ամյա Անդրեսյանը սպանել է որդուն` փորձելով վրեժխնդիր լինել նախկին կնոջից` Անա Էստևեզից, որի հետ նրանք կիսել են երեխայի խնամակալության իրավունքը։

«Հուսով եմ` դու կհիշես իմ երեխայի սպանությունը քո` ոչինչ չարժեցող կյանքի յուրաքանչյուր օր։ Թող քո սև հոգին այրվի դժոխքում։ Ես խղճում եմ քեզ», – դատարանով հայտարարել է Էստևեզը։

Փոքրիկի մայրը` Անա Էստևեզը, որդուն վերջին անգամ տեսել է ապրիլի 18–ին` շփվելով նրա հետ տեսակապի միջոցով, երբ նա հոր հետ է եղել։ Էստևեզը նախատեսել է որդու հետ կրկին տեսակապի դուրս գալ ապրիլի 20–ին, ինչն այդպես էլ տեղի չի ունեցել։

Փոքրիկն անհետ կորած է համարվել երկու ամիս առաջ, երբ Անդրեսյանը Դիսնեյլենդ այցից հետո չի վերադարձրել որդուն նախկին կնոջը։

Նրան վերջին անգամ տեսել են հոր հետ Դիսնեյլենդից դուրս գալիս ապրիլի 21–ին գիշերը ժամը 01–ի սահմաններում։

Ոստիկանությունը կալանավորել է Անդրեսյանին հունիսի 23–ին սպանության կասկածանքով։ Անդրեսյանը երեխայի անհետանալուց հետո մեկնել է Լաս Վեգաս։ Ոստիկանների խոսքերով, Լաս Վեգասում Անդրեսյանը զվարճացել է և իրեն ամենևին չի պահել սգացող ծնողի նման։