Անձրևից փախավ` կարկուտի տա՞կ ընկավ

7

Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանին վերջին տարիներին քչերը կնախանձեն: Ինչերի միջով ասես, որ չանցավ նա: Պանամական օֆշորային սկանդալի աղմուկ-աղաղակից հետո ԴԱՀԿ պետի աթոռի կորուստը, տևական լռությունը, դեգերումները, բարեգործի կերպարանք հագնելը և, վերջապես, այդ ամենից ձերբազատվելով` դեպի Ազգային ժողով նրա աննախադեպ թռիչքը հաստատ ամեն մարդու բան չէին: Իսկ նա կարողացավ: Եվ հիմա, երբ արդեն թվում էր, թե մեծ վտանգները հեռու-հեռվում են ու Քեթրինի Միհրանի մոտ պիտի երկրորդ շնչառություն բացվի, ամառվա կեսին երկինքն ամպեց և կայծակը խփեց հենց Պողոսյանի դռանը:

Այսօր լրատվամիջոցները մի հաղորդագրություն տարածեցին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ և առանց փոփոխությունների. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 9-ի առավոտյան ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։ Առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավվել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը»։

Այն, որ լավ նպատակների համար ոչ մեկին առավոտ լույսով հյուր չի գնում միանգամից 50 զինված անձ և ոչ էլ հենց այնպես է գնում, դա ակնհայտ է: Ու եթե առայժմ որևէ հստակություն չկա, թե հատկապես ինչ նոր մեղքերի համար է այս անգամ հետապնդվում նորաթուխ պատգամավորը, ապա մի բան վստահաբար կարող ենք նշել. Միհրան Պողոսյանը եղել ու մնում է այն անհատը, որը չի կարող մի գիշերվա մեջ հրեշտակ դառնալ:

Shame.am