mnews

30 Հունվարի, 2018

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

Ani Product

«Եթե ձեզ ասում են՝ չի կարելի աղբը նետել մեքենայի պատուհանից, մի՛ համաձայնեք: Որովհետև Հայաստանում չկա սոցիալական արդարություն: Քանի որ չկա արդարություն, հետևաբար ամեն քայլափոխի պետք է աղբանոցներ սարքել: Տրամաբանական է, չէ՞:

Ani Product

Այ, եթե ինչ-որ հրաշքով մենք ապրեինք արդար, օրինական երկրում, այդ դեպքում հոգ կտանեինք քաղաքի և հանրապետության մաքրության մասին: Եթե ձեզ ասում են, որ աջակողմյա երթևեկության պայմաններում չպիտի լինեն աջ ղեկով մեքենաներ, դա նույնպես սխալ է: Ինչո՞ւ է սխալ: Որովհետև Հայաստանում կա մեկ միլիոն աղքատ: Նույնպես շատ տրամաբանական է: Եթե լիներ, օրինակ, կես միլիոն աղքատ, այդ ժամանակ հնարավոր կլիներ մտածել ձախ ղեկ ունենալու մասին:

Եթե ձեզ ասում են, որ հասարակական վայրերում ծխել չի կարելի, որովհետև այդ վայրերում կարող են լինել նաև չծխող մարդիկ, դա ընդհանրապես անհեթեթություն է: Որովհետև Հայաստանում ընտրություններ են կեղծվում: Հասկանալի է, չէ՞, որ մարդիկ ծխում են հենց իշխանությունների՝ լեգիտիմության պակասի դարդից և կսկսեն առողջ ապրելակերպ վարել միայն այն պարագայում, եթե ունենան լեգիտիմ իշխանություն: Արդար ընտրությունները մարդկանց կստիպեն ավելի հոգատար լինել սեփական և ուրիշների առողջության հարցում:

Եթե ցանկություն չկա լինելու նորմալ քաղաքացի և նորմալ մարդ, բոլոր փաստարկներն էլ ընդունելի են: Մանավանդ այս վերջին՝ ծխելու դեմ պայքարի դեպքում, երբ մի «բոխչայի» մեջ են հավաքվել սովորական պոպուլիզմը, համեմատաբար «անշառ» թեմայով իշխանության ոչ բարձրագույն օղակին հակադրվելը, ինչպես նաև «Ինգո Արմենիայի» բիզնես մրցակիցների շահերը:

Ես կողմ եմ, որ սննդի օբյեկտներում, հիմնարկների գրասենյակներում, տրանսպորտում, վերելակներում և կանգառներում ծխելն ամբողջությամբ, անվերապահորեն արգելվի: Ուրիշ հարց, որ մեր պետությունն առայժմ չի մտածել արդյունավետ ձևեր, որոնցով հնարավոր կլինի իրագործել այդ արգելքը:

Բարձրացնել տուգանքների չափերը՝ ինձ թվում է, դա արդյունավետ ճանապարհ չէ: Եվ խնդիրը «բա էս խեղճ ժողովրդին ի՞նչ աշխատավարձ եք տալիս, որ նման տուգանք եք դնում» պոպուլիստական փաստարկը չէ: Խնդիրն ավելի պարզ է. եթե հասարակական վայրում ծխող մարդկանց չի հաջողվում տուգանել, երբ տուգանքը, ենթադրենք, 5 հազար է, ապա չի հաջողվի տուգանել, երբ տուգանքը 50 կամ 500 հազար է: Եթե նախորդ՝ ավելի մեղմ օրենքը չի գործում, այն չի գործի նաև «խստացումների» պարագայում: Ոչինչ չի վարկաբեկում ճիշտ գաղափարը, որքան «օդի մեջ» մնացած, անիրագործելի հռչակագրերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս