Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Opel-ն ու մարդատար «Գազելը»․ վերջինս կողաշրջվել է. կա 8 վիրավոր

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ «Չարենցավան», մի մասը՝ «Հրազդան» բժշկական կենտրոններ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանը և Ավետիք Ավետիսյանը։ Իսկ մյուս ավագ հետաքննիչներ՝ Կառլեն Բաղյանն ու Միշա Ստեփանյանը մեկնել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։

Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ են գործել բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: