Պատգամավորին ձերբակալելու միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողով

Այնուհետև Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ ապահովելու եղանակով, նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք /փողերի լվացում/, այսինքն՝ առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ:

Նշված քրեական գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: Եվս 2 անձ նույն հանցավոր արարքը կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Միաժամանակ քրեական  գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենք, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար:

Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղղակիորեն հաստատում են Արամ Հարությունյանի անմիջական մասնակցությունը հանցավոր գործողություններին և վկայում հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի առկայության մասին: Նրան  վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Մեղսագրվող հանցագործության բնույթը, կաշառքի ստացման շղթաներում բազմաթիվ անձանց ներգրավվածությունը վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Հանցանքի առերևույթ կատարմանը ներգրաված մի շարք անձինք հանդիսանում են կամ նրա մտերիմները, կամ նրա կողմից ղեկավարած պետական կառույցներում և մասնավոր ընկերություններում աշխատող անձինք: Այս հանգամանքը ողջամտորեն թույլ է տալիս կարծելու, որ նա կարող է ձեռնարկել  միջոցներ՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ, ինչն էականորեն բարձրացնում է ազատության մեջ գտնվելու դեպքում Արամ Հարությունյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր ու փաստաթղթեր թաքցնելու և կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ինչպես նաև նրան վերագրվող հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականությունը:

Ելնելով վերոգրյալից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից: