15 Փետրվարի, 2017

Արարատի մարզում  նախընտրական եռուզեռը շարունակվում է: Նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը և նրա աշխատակազմը անում են ամեն բան, որպեսզի ՀՀԿ-ն բարձր արդյունքներ արձանագրի:

Ani Product

Այսօր Politik.am-ը ահազանգեր է ստացել մարզի տարբեր դպրոցների տնօրեններից, որոնք դժգոհում էին, որ Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյան իրենց հրավիրում է հանդիպումների և պահանջում, որպեսզի աշխատեն ՀՀԿ-ի օգտին: Տնօրենները չցանկացան ներկայանալ, քանի որ վստահ են, եթե իրենց անունները  հրապարակային դառնան, ապա կպատժվեն մարզպետի կողմից ու կարող են ազատվել աշխատանքից: Մեր զրուցակիցները վստահեցնում էին, որ իրենց առաջ երկընտրանք է դրված կամ աշխատել ՀՀԿ-ի օգտին, կամ հրաժեշտ տալ իրենց աշխատանքին:

Ani Product

Politik.am-ը խնդրի կապակցությամբ կապ հաստատեց Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանի հետ: Մարզպետի տեղակալը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իհարկե հանդիպում է դպրոցի տնօրենների հետ, բայց միայն դպրոցական խնդիրների համար. «Ես կանչում եմ դպրոցական խնդիրների համար»,-ասաց մարզպետի տեղակալը հավելելով, որ այնուամենայնիվ ինքը ՀՀԿ-ական է և Արարատի կառույցի ղեկավարը. «Բնական է, որ աշխատելու եմ ՀՀԿ-ի օգտին»,-ասաց Շադյանը:

Իլյիչ Շադյանը ցանկանում էր իմանալ, թե որ տնօրեններն են բողոքել իր դեմ: Մեր ճշտող հարցին իսկ հնարավոր է, որ ճնշումներ բանեցվեն Արարատի մարզի դպրոցի տնօրենների վրա Շադյանն ասաց.«Առայժմ մարզպետարանը ճնշումներ չի բանեցնի»,-ասաց մարզպետի տեղակալը՝ հետո հասկանալով իր խոսքի իմաստը ուղղում կատարեց. «Քանի ես այստեղ եմ կփորձեմ այնպես անել, որ ճնշումներ չբանեցնեն»,-եզրափակեց իր խոսքը Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը:

Կիսվեք նյութով՝

Լրահոս