1 Մայիսի, 2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է , որ տասը րոպեով լքում է խորհրդարանի նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ կապված երեխաների իրավունքների հետ: «Պարոն Փաշինյան, ես մտադրություն չունեի հարց տալու, Դուք ուղղակի ինձ ստիպեցիք: Ես կօգտագործեմ այն, ինչ ձեզնից սովորել եմ, 10 րոպեով կլքեմ դահլիճը՝ որպես բողոք այն հայտարարության, որ դուք արեցիք երեխաների իրավունքի կապակցությամբ: Հետո միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, ձեզ կբացատրեն որտեղ է ձեր սխալը: Եվ եթե դուք ընտրվեք վարչապետ, այսուհետ չկրկնեք նման բառեր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է  Արա Բաբլոյանը:

Մինչ այդ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացված անհնազանդության ակցիաներին մասնակցել են մեծ թվով դպրոցականներ և որպես չորս երեխաների հայր՝ նա ինչպես կվերաբերվեր, եթե այլոց կողմից այլ թեմաներով անցկացվող ցույցերին մասնակցեին նաև իր երեխաները: «Երբ Ղարաբաղյան շարժումն սկսվել է, ես եղել եմ 13 տարեկան դպրոցական: Ինքս այդ օրերին կազմակերպել եմ դասադուլներ, երթեր, ցույցեր, բողոքի այլ գործողություններ: Իմ երեխաները քաղաքական իմ ողջ գործունեության ընթացքում մասնակցել են այդ գործընթացներին ու դա նրանց համար համարում եմ հզոր քաղաքացիական դպրոց: Մեր շարժման ամենահզոր շերտերից ու մասնակիցներից մեկին ես համարում եմ դպրոցականներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ աշակերտների մասնակցությունը երաշխիքն է այն բանի, որ բոլոր հնչած խոստումները իրականություն կդառնան:

Ռուզաննա Մուրադյանը արձագանքեց. «Փաստորեն ձեր մղումներն այնքան ուժեղ են, որ դուք կարող եք անգամ անցնել երեխաների անվտանգության վրայով ու կարող եք անտեսել վատ հետևանքները՝ կապված նրա հետ, որ նրանք չեն կարող ադեկվատ որոշումներ կայացնել», որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երեխաները ՀՀ Սահմանադրությամբ ունեն իրավունքներ, ինչն էլ իրացրել են: «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ ոչ մի երեխայի ստիպողաբար ոչ մի տեղ չենք տարել, ու նրանք քաղաքացիներ են, որոնք ըստ Սահմանադրության ունեն իրավունքներ, որոշումներ կայացնելու իրավունքներ»,-նշել է  վարչապետի թեկնածուն:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Ազգային ժողովում ընթացող նիստի օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք», հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

 

Լրահոս