«Արմանիսի հանքն էլ բաց արին, սաղ գյուղը հարամեցին». ուռուտցիները դեմ են հանքին, աչքի առաջ Թեղուտի և Շնողի ճակատագիրն է

Լոռու մարզի Ուռուտ գյուղում «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի ներկայացրած հանրային լսումը չկայացավ՝ հանքի շահագործմանը գյուղացիների դեմ լինելու պատճառով: Այս մասին գրում է civilnet.am-ը:

Ani Product
Ani Product

Կայքի փոխանցմամբ, Անուշավան Ուլուխանյանը որպես ընկերության լիազորված անձ ՍիվիլՆեթին հայտնել է, որ   «Ջին Հոլդինգ Լիմիթիդ»-ին հետաքրքրում է ոչ միայն Ուռուտի, այլև «Հայաստանի բոլոր այն հանքերը, որոնք կարող են երկրին օգուտ բերել:

Ընկերության մեկ այլ ներկայացուցիչ, ահնիձորցի Գագիկ Քառյանն ընկերության կողմից վստահեցնում էր, որ գյուղի բնապահպանական անվտանգությունն ապահովելու համար հատուկ ծրագիր է մշակվել: «Արմանիսի հանքն էլ բաց արին, սաղ գյուղը հարամեցին: Դեբեդում կարմրախայտ ձուկը վերացել է»,– Քառյանին ընդհատեց մի ուռուտեցի:

Գյուղացիները միաբերան սկսել են դժգոհել գյուղի վարչական տարածքում հանք բացելու լեռնահետախուզական աշխատանքերի հայտ ներկայացնողների դեմ:

Վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանը հայտնել է, որ հետքրքրություն ներկայացնող բազմամետաղային հանքը գտնվում է Ուռուտից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ «Քոռ յալ» կոչվող հանդամասում։

«Ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ հանքատեսակներ կան հանքում: Խորհրդային տարիների ուսումնասիրությունների հետքերով են եկել Ուռուտ»,- ասաց նա:

Ուռուտը 1000 բնակիչ ունի: Գյուղացիները այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ: Վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանի խոսքով՝ քանի դեռ Ուռուտում հակակարկտային կայաններ չկային, գյուղացիները հազիվ 30 հա վարելահող էին մշակում: Հիմա Ուռուտը երեք հակակարկտային կայան ունի: Մեկն էլ ստանալու է երկու ամիս հետո: Հակակարկտային կայանները տեղադրելուց հետո 880 հա վարելահողերից Ուռուտում մշակում է 200 հա-ը: Գյուղը 1400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի:

«Եթե հանք է բացվում, դա բոլոր ոլորտների վրա էլ բացասական ազդեցություն է ունենում: Բայց հանքի խնդիրը պետք է որոշեն գյուղացիները»,- ասել է Սերգո Ջուլհակյանը:

Անհատ ձեռնարկատեր Անահիտ Մանուկյանը ակտիվ պայքարում էր հանքը բացելու դեմ: Անահիտը պանրի արտադրությամբ է զբաղվում, կաթ է մթերում գյուղի 35 տնտեսություններից: Ասում է՝ իր արտադրած պանիրը շուկայում պահանջարկ ունի:

«Մենք մեր գյուղացիների համար բարենպաստ պայմաններ կստեղծենք, հողը կմշակեն, անասնապահությամբ կզբաղվեն: Մեր բնակիչները ոգևորված են, սկսել են աշխատել և հարստանալ»,- հայտնել է Անահիտը:

Արման Պետրոսյանն էլ բացատրել է. «Երկար տարիներ մեր վարելահողերը չեն մշակվել: Հիմա սկսել ենք մշակել, պետությունը մեզ աջակցում է: Գյուղացու գործը հող մշակելն ու անասուն պահելն է: Գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը անհամատեղելի են: Մենք ուզում են նորմալ մեր հողը մշակել»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում