Արմեն Չարչյանը ճնշում է գործադրել աշխատակիցների նկատմամբ. ՀՔԾ

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 4-րդ մասի 2-րդ կետով:

Նշենք, որ խոսքը «Իզմիրյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի մասին է։

«Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Արմեն Չարչյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: