Արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը մենք կապահովենք. Նիկոլ Փաշինյան

Արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց հարցը լուծելու ենք հետեւյալ կերպ. մեր պլանն է, որ այս տարի ինչքան պլանավորել էինք առանց այդ էլ աննախադեպ ծավալի կապիտալ շինարարություն, հիմա խնդիր ենք դրել, որ կապիտալ շինարարության ծախսերն ավելի մեծացնենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի կապիտալ շինարարություն էինք նախատեսել, հիմա մենք խնդիր ենք դրել, որ կապիտալ շինարարության ծախսերը ավելի մեծացնենք, որովհետև անցած տարի աննախադեպ ծավալի շինարարություն էր Հայաստանում և մարդկային աշխատուժը չէր հերիքում ֆիզիկապես: Էս տարի, եթե կորոնավիրուսը մեզ չխանգարի, նկատի ունեմ, եթե ստիպված չլինենք նորից վերադառնալ կարանտինային ռեժիմի, կապիտալ ծախսերի գծով արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը մենք կապահովենք: Էս պահին մեր հատկացրած և հատկացվելիք միջոցները և այն փոփոխությունները, որ մենք կիրականացնենք բյուջեում, կլուծի այդ հարցը, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնածներն անեն նույն աշխատանքը, բայց՝ ՀՀ-ում»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում այս տարվա սեպտեմբերից սկսած հողերի մշակման նոր հնարավորությունններ կբացվեն. «Այս փուլում էլ գյուղատնտեսության ոլորտում կփորձենք վարկավորումը հնարավորինս ակտիվացնել, որ գյուղի ժողովուրդն զբաղվի անասնապահությամբ, սպանդանոցով և այլն»:

Lurer.com