Գառան, գոճու խորոված, 100 հազար դրամանոց խմիչքներ. ԱԺ-ն «Ծիրանի» ռեստորանում 3 միլիոն դրամ է ծախսել (լուսանկարներ)՚lurer.com

20
goodwinbe

Պետական կառույցները բավականին մեծ գումարներ են հատկացնում պետական եւ պաշտոնական ճաշերի, օտարերկրյա պատվիրակությունների հյուրասիրության համար: Երբեմն այդ հյուրասիրությունները պետական բյուջեի վրա արժենում են միլիոնավոր դրամներ: Այն, որ արարողակարգի անբաժանելի մաս են պաշտոնական հյուրասիրությունները, քննարկման ենթակա չեն, սակայն որքանո՞վ է, օրինակ, արդարացված, երբ մեկ հյուրասիրության համար վճարվում է երեք միլիոն դրամ:

Ազգային ժողովն, օրինակ, 2019 թվականին պաշտոնեական ճաշկերույթ է կազմակերպել 1,9 միլիոն դրամի շրջանակներում: Ճաշկերույթը կազմակերպել է «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, որն առավել հայտնի է «Ծիրանի» այգի ռեստորան անունով: Այն գտնվում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում: Գնումների կայքում հրապարակված պայմանագրում նշված չէ, թե այս ճաշն Ազգային ժողովը ինչ միջոցառման շրջանակներում է կազմակերպել: Սակայն ռեստորանում հավաքույթներից մեկը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին՝ Նոր տարվա շեմին: Իսկ ահա 2020 թվականի ճաշկերույթներից մեկի համար Ազգային ժողովի աշխատակազմը վճարել է 3 մլն դրամ: ԱԺ-ն այս տարվա ճաշկերույթները եւս անցկացրել է «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Պայմանագիրը կնքվել է այս տարվա փետրվարի երեքին:

Ուսումնասիրելով խորհրդարանի աշխատակազմի ճաշկերույթի երեք միլիոնանոց ցուցակը՝ արձանագրում ենք, որ բավականին թանկարժեք խմիչքներ եւ սննդատեսակներ են պատվիրել: Օրինակ, 99 հազար դրամ վճարել են մեկ կաթնակեր գառան խորովածի համար, մեկ ամբողջական գոճու համար՝ 55 հազար դրամ, ստերլետ տեսակի ձկան գրիլի համար՝ 25 հազար դրամ, ճագարի համար՝ 16 հազար դրամ: Ցուցակից տեղեկանում ենք, որ պատվիրել են 12 տեսակ աղցան, սագի մսով տոլմա, մեկ տասնյակից ավելի խորովածի եւ քաբաբի տեսականի: Պարզվում է, որ հայ պառլամենտականները նաեւ թանկարժեք խմիչքների սիրահար են, այն էլ՝ արտասահմանյան արտադրության: Այսպես՝ նույն ցանկից տեղեկանում ենք, որ օրինակ «Հենդրիքս» տեսակի ալկոհոլային խմիչքի համար վճարվել է 33 հազար դրամ: Կան նաեւ ալկոհոլային խմիչքներ, որոնք արժեն 94 հազար, 45 հազար եւ 39 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, ցանկի մեջ առկա է մոտ 100 տեսակի ալկոհոլային խմիչք: Հակոբ Արշակյանի ղեկավարած Բարձր տեխնոլագիաների արդյունաբերության նախարարությունում եւս դեմ չեն «Ծիրանի» այգի ռեստորանում ուտել-խմելուն: 2019 թվականին նախարարությունը այս ռեստորանի հետ կնքել է երեք պայմանագիր, որի ընդհանուր աժեքը կազմում է 5 միլիոն 500 հազար դրամ: Օրինակ պայմանագրերից մեկը, որի արժեքը 4,5 մլն դրամ է, անցած տարվա հոկտեմբերին 125 հոգու համար պաշտոնական ճաշ է մատուցվել: Թե ինչ են կերել 4,5 մլն դրամի, ծառայությունների մատուցման պայմանագրում նշված չէ: Սակայն նկատելի է, որ թիվը մեկ ճաշի համար ահռելի մեծ է: «Ծիրանի» այգի ռեստորանը նաեւ ոստիկանության նախընտրած օբյեկտն է: Ի դեպ, հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույք են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Ոստիկանությունից հայտնել էին, որ եղել է պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ:

Հուլիսի 27-ին գնումների համակարգում հրապարակվել է ոստիկանության եւ «Ծիրանի» ռեստորանի միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր, որի արժեք 975 հազար դրամ է: Սա այն աղմուկ հանած ճաշկերույթն է, որին, ըստ պայմանագրի, ներկա են եղել 35 հոգի: Ոստիկանությունն այս ռեստորանում այս տարվա ընթացքում պատիվ է տվել նաեւ Ղազախստանից ժամանած պատվիրակությանը: 15 հոգանոց ճաշկերույթն արժեցել է 300 հազար դրամ: Ոստիկանությունը մոտ մեկ միլիոն դրամի էլ նախորդ տարի է այս ռեստորանում հավաքույթ կազմակերպել: «Ծիրանի» ռեստորանը նաեւ Նիկոլ Փաշինյանի նախընտրած օբյեկտն է: Նա եւս իր արտասահմանյան հյուրերին այս օբյեկտում է պատիվ տալիս: Այս տարի ռեստորանում վարչապետի աշխատակազմը ծախսել է երեք հարյուր հազար դրամ, թե ինչ գնման մասին է խոսքը, պայմանագրում նշված չէ: Այս ռեստորանում 700 հազար դրամի ծախս է կատարվել նախորդ տարի, երբ Երեւանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Դ.Տուսկի գլխավորած պատվիրակությունը: Պայմանագրում նշված չէ, թե պաշտոնական ճաշին քանի հոգի է մասնակցել: Օտարերկրյա մեկ այլ պատվիրակության անցած տարի եւս այս ռեստորանում պատիվ են տվել՝ մեկ միլիոն դրամի շրջանակներում: Պայմանագրում այլ մանրամասները բացակայում են:

lurer.com