Գեղարքունիքի դատարանի նախագահի գործով մեղադրանքը շուտով կհամալրվի նոր էպիզոդներով

Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի եւ մարզային դատախազ Սեւակ Շհոյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու կալանքը վերջին շրջանում ամենալուրջ սկանդալներից մեկն է՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Այս գործին մենք եւ մամուլի այլ միջոցներ բազմիցս անդրադարձել ենք։Հիշեցնենք, որ գործը հարուցվել է քաղաքացի Գոռ Գալստյանի ընտանիքի անդամների կողմից կաշառք ստանալու փաստի առիթով։ Եւ չնայած կաշառատուները կամովին չեն հայտնել կաշառք տալու մասին, որը հիմք կդառնար, որ նրանք ազատվեին պատասխանատվությունից, սակայն քննությունն իրականացնողները մեղմ են գտնվել եւ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանք չեն կիրառել։ Կալանք չի կիրառվել նաեւ կաշառքի միջնորդ դիտվող փաստաբանի նկատմամբ՝ նրան եւս ստորագրությամբ բաց են թողել։

Մամուլը գրել է նաեւ, թե ինչպես է բացահայտվել գործը՝ շուրջ 9 ամիս ԱԱԾ-ն գաղտնալսել է դատավորներին։ Եւ այդ գաղտնալսումների հիման վրա էլ որոշումներ են կայացվել։ Մենք տեղեկացանք, որ հիմնական թիրախը եղել է դատարանի նախագահը, որը անգամ կոռումպացված դատական համակարգի մասշտաբով «վատ» համբավ է ունեցել եւ հայտնի է եղել իր մութ գործարքներով։ Մարզային դատախազ Շհոյանն ու նույն դատարանի դատավոր՝ Վանիկ Վարդանյանը, այսպես ասած, որպես «օժանդակողներ» են այս գործընթացում հայտնվել։ Ի դեպ, մեր տեղեկություններով, դատախազն ու դատավոր Վարդանյանը ցուցմունքներ տվել են, իսկ նախագահը լռում է։ Թեեւ դա նրան չի կարող ազատել պատասխանատվությունից, քանի որ գաղտնալսումների հատորյակներ կան գործում, որոնց հետ կապված բավական է, որ փորձաքննություն նշանակվի եւ դրանք ձեռք բերված լինեն օրինական հիմունքներով եւ կարող են դրվել մեղադրանքի հիմքում։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Գեղարքունիքի մարզում կաշառք վերցնելու, օժանդակելու ձերբակալությունների վերաբերյալ: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել եւ կալանավորվել են Վարդենիս քաղաքի մի քանի բնակիչներ, այդ թվում՝ մարզի դատախազ Սեւակ Շհոյանը: Գործով կա նաեւ կալանավորվածներ, այդ թվում՝ դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանը, որը մեղադրվում է կաշառք միջնորդելու եւ ՔԿՀ աշխատակցին կաշառք տալու մեջ: Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ։

Նյութի աղբյուրը ` hraparak.am