Գործարար Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում․ լուրերը հաստատվեցին

Գործարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է Հայաստանի ազգային շահերի հիմնադրամի (ANIF. պետական-մասնավոր ներդրումային հիմնադրամ) ղեկավար Դավիթ Պարազյանը։

«Մենք գիտենք, որ նա ընկերություն է հիմնում, ազգային ավիափոխադրող հիմնելիս հաշվի ենք առել նաև այդ փաստը։ Սակայն վստահ ենք, որ որքան շատ ավիաընկերություններ լինեն հայկական շուկայում, այնքան ավելի շատ օգուտ կլինի մեր քաղաքացիներին»,-ասել է նա։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ գործարարը ավիաընկերություն է հիմնում, որը կտեղակայվի «Զվարթնոց» օդանավակայանում և նույնիսկ ազգային փոխադրողի կարգավիճակ կստանա: Սակայն արդեն հայտնի է, որ այդ կարգավիճակը կստանա Air Arabia-ի հետ համատեղ ստեղծված նոր ավիաընկերությունը։