Գուրգենը մինչեւ վերջ կռվել է, նռնակով պայթեցրել է իրեն, սպանելով նաեւ մի քանի ադրբեջանցիների. Գուրգեն Սարգսյանի ընկեր

Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարտական գործողություններում զոհված զինծառայողների թվում էր նաեւ 31–ամյա պայմանագրային Գուրգեն Աշոտի Սարգսյանը։ Նա Գյումրիից էր, մասնակցել էր  44 –օրյա պատերազմին։

Գուրգենի մահվան մասին հայտնի էր դեռ երկու օր առաջ, սակայն պաշտոնական հաստատում չկար։ Պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության մեջ էին նաեւ Գուրգենի տվյալները։

Գուրգենին այսօր՝ նոյեմբերի 19–ին, հուղարկավորել են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում։ Նա հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

«Պատմում են, որ Գուրգենը մինչեւ վերջ կռիվ է տվել, փամփուշտները, երբ վերջացել են, օգնություն է խնդրել, որը, սակայն, ուշացել է եւ նա նռնակով պայթեցրել է իրեն, սպանելով նաեւ մի քանի ադրբեջանցիների»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմել է   Գուրգենի ընկերը՝ Վահե Մինասյանը։

31–ամյա պայմանագրային զինծառայողը ծնողների հետ էր ապրում, քույր ունի, ամուսնացած չէր։

«Նա փոքրուց էլ հանձվող տղա չէր, համարձակ ու թասիբով էր։ Մարդկային, կարեկցող, լավ մարդ էր Գուրգենը։ Նրան օգնության հարցով դիմողները գիտեին, որ Գուրգենը չի մերժի։ Երկար տարիներ զբաղվել էր ֆուտբոլով, շատ լավ ֆուտբոլիստ էր»,– պատմել է Վահեն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16–ին, ժամը 13։00-ի սահմանում, Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Մի քանի ժամ այդ ուղղությամբ մարտեր էին ընթացել, հայկական կողմը երկու մարտական դիրք էր կորցրել։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 18։30-ից կրակը դադարեցվել էր։

Պաշտպանության նախարարությունը նախ հայտնել էր մեկ զոհի մասին, որը 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյանն է։ Նախարարությունը հաղորդել էր, որ կա 13 գերեւարված զինծառայող, իսկ 24 զինծառայողի հետ կապը կորել էր, եւ նրանց ճակատագիրն այդ  պահին անհայտ էր։

Այսօր՝ նոյեմբերի 19–ին, նախարարությունը հայտնեց, որ ՀՀ արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ: Նրանք են՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։

Ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի եւ անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

news.am