Դատավորների որս է սկսվել

2

Hraparak.am-ը երեկ հայտնել էր, որ մարզերից մեկում ձերբակալել են դատավորի վարորդին, ով կասկածվում է «փողային» միջնորդության համար: Եվ մինչ ժամեր շարունակ իրավապահ մարմինները, դատական դեպարտամենտը լռում էին, մեզ հաջողվել էր պարզել, որ դեպքը եղել է Գեղարքունիքում, ձերբակալվողն էլ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդն է: Ասում են նաեւ, թե կաշառք տվողի որդին այժմ անազատության մեջ է: Դատավորի հետ հնարավոր չեղավ կապ հաստատել, նրա հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ դատարանում որեւէ բանից տեղյակ չէին, համենայնդեպս, այդպես էին ասում: Քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը, որը եւս դեռ որեւէ մեկնաբանություն չի տալիս:

Դատական համակարգում հերթական ձերբակալությունը լավ չի ընդունվել, բոլորն ահուդողի մեջ են, զգում են, որ սկսվել է դատավորների որս, որի ժամանակ «ժերտվա» կտան թիկունք չունեցողներին: «Կպարզվի՝ ընդամենը մի քանի հարյուր դոլարի համար են բռնել, մի պերերիվի փող վերցնողին բռնում են, իսկ միլիոններով կաշառք վերցնողներին գլխների վրա պահում, լավ է, որ ժամանակին դուրս եկա, թե չէ ում ուզեն, կբռնեն-կնկարեն, կխայտառակեն ամբողջ երկրով»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ նախկին դատավորներից մեկը: Դատական համակարգում հակված են մտածել, որ Սերժ Սարգսյանի ԱԺ-ում հայտնի ելույթից հետո իրավապահներն ընդհանրապես կսեւեռվեն իրենց վրա, քանի որ վերեւներում լուրջ դժգոհություն կա համակարգից: Ոմանք էլ կարծում են, թե նման կոռուպցիոն ձերբակալություններով փորձում են Մկրտումյանից ազատվել: «Դա խոսում է Մկրտումյանի թուլության մասին, եթե տասը օրը մեկ դատավոր են բռնում, ուրեմն ոչ թե այդ դատավորը խնդիր ունի, այլ առաջին հերթին՝ Մկրտումյանը, ով թույլ է տվել նման բան»: Ի դեպ, վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնանկության մասին լուրերը պարբերաբար ակտիվանում են, սակայն նա դեռ շարունակում է պաշտոնավարել: Իսկ նախօրեին լուր հրապարակվեց մամուլում, որ Մկրտումյանը հատուկ զգուշացրել է դատավորներին՝ փող չվերցնել։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանին, իսկ դրանից առաջ՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին, 2014թ․՝ Լոռու մարզի դատավոր Խաչատուր Խաչատրյանին: Վերջինս դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, իսկ Իշխան Բարսեղյանի մասով դատաքննությունը դեռ չի ավարտվել:

Նյութի աղբյուրը ` hraparak.am