Էդմոն Մարուքյանն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելու նախագիծը համարում է խորհրդարանը ցրելը կանխելու փորձ

2
  ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է համարում«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը: ԱԺ-ում այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ԱԺ կանոնակարգ օրենքում առաջարկվող փոփոխություններին։

 

Ըստ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի, ֆորս-մաժորային իրավիճակներում ԱԺ կարգավորումների բացակայությունը կարգավորելու համար ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախագիծ է մշակել, ըստ որի՝ «ԱԺ նիստի անցկացմանը խոչընդոտելու դեպքում այն համարվում է ընդհատված և շարունակվում է խոչընդոտների վերացումից հետո»:

«Վարչապետի հրաժարականի պարագայում, եթե 2 անգամ չընտրվի վարչապետ, ապա խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվի: Այս նախագծի բնույթը բացահայտված է, ուզում են փոփոխություն անել, որ եթե պատգամավորները չեն կարողացել գալ, ապա նախագահողը նիստը համարելու է ընդհատված: Սրանով փորձ է արվում կասեցնել վարչապետի չընտրվելու գործընթացը, որի արդյունքում խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվեր»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց՝ նախագիծը նրանց առջև դրած խնդիրը չի լուծում, քանի որ, ըստ Սահմանադրության, եթե 14 -օրյա ժամկետում վարչապետը չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է: «Հետևաբար, այս նախաձեռնությունը բերվել է, որ կանխվի այդ ընթացակարգը: ԵԼՔ-ը դեմ է քվեարկում նախագծին»,- նշեց Մարուքյանը:

Այդուհանդերձ՝ պատգամավորն անհրաժեշտ է համարում քաղաքական ուժերի հետ բանակցությունները՝ արտահերթ ընտրությունների հարցով։ «Մենք նոր ենք դուրս եկել քարոզարշավից և պատրաստ ենք նորի, բայց ես մեր տեղն եմ խոսում, բազմաթիվ ուժեր կան, որ ասում են՝ դեռ պատրաստ չեն, բանակցություններն էլ հենց դրա համար են: Վարչապետը կհանդիպի և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի հետ», – պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Մարուքյանը։

Անդրադառնալով հանրության շրջանում տիրող էյֆորիայի մասին՝ Մարուքյանը նկատեց՝ չի կարծում, որ այն անցել է կամ կանցնի մոտակա մեկ կամ երկու տարվա ընթացքում։

Դիտարկմանը՝ կանցնի՞ այդ էյֆորիան արտահերթ ընտրություններից հետո, Մարուքյանը նշեց. «Ես էյֆորիայի մասնագետ չեմ, մի բան գիտեմ՝ մարդիկ, որ ոգևորված են, էդ ոգևորությունը երկար կարող է տևել, բայց դա կապ չունի քաղաքական պրոցեսների հետ»։

Աղբյուր` Փաստինֆո