«Ժամանակ». Ով է կորցնելու, եթե Պուտինը չժամանի Հայաստան

1

 «Ժամանակ» թերթը գրում է.

«Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ին ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան ժամանելու վերաբերյալ հարցին, ասել է, որ հենց ԵՏՄ ղեկավարներն իրենք են որոշել, որ նիստը պետք է լինի Հայաստանում, և Պուտինն իբրև հյուր չէ, որ գալիս է: Քոչարյանը միաժամանակ ասել է, որ ԵՏՄ Վեհաժողովին զուգահեռ լինելու է նաև մեծ կոնֆերանս, որին կմասնակցեն թե՛ ԵՏՄ, թե՛ արդեն այլ երկրների ղեկավարներ էլ, այդ թվում՝ Իրանի նախագահը:

Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ժամանել-չժամանելու հարցը, այսպես ասած, քննարկման առարկա է դարձել մեկ այլ Քոչարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում:

Ակնառու է տեղեկատվական արշավ, որ Պուտինը, Քոչարյանի կալանքի տակ գտնվելու փաստից դժգոհ լինելով, չի ժամանի Հայաստան: Տեղեկատվություն է եղել նաեւ, որ, ժամանելով Հայաստան, նա ունի կալանավայր այցելելու եւ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու ցանկություն: Ինչքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, հայտնի չէ: Մյուս կողմից, ՌԴ նախագահի Հայաստան այցի պաշտոնական հաստատում դեռ չի եղել, թեեւ պաշտոնական աղբյուրներից կասկածի տակ էլ չի դրվել ժամանելու հեռանկարը:

Այն, որ հայ-ռուսական հարաբերությունը գտնվում է ոչ ստանդարտ փուլում, ակնառու է: Եվ այստեղ տեղի են ունենում իրապես «հեղափոխական» գործընթացներ:

Անկասկած է, որ Փաշինյան-Պուտին հարաբերությունից կախված է շատ բան: Ամբողջ հարցը, սակայն, այն է, թե այդ հարաբերություններում ի՞նչն է գերակա Պուտինի համա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Երեւանում տեղի ունենալիք Վեհաժողովը բոյկոտելու դեպքում կորցնողը Հայաստանը չէ, որ լինելու է, այլ Ռուսաստանը, որը Հայաստանում թավշյա հեղափոխությամբ ստացել է Կովկասում եզակի իրական դաշնակից ու գործընկեր, եւ գուցե նույնիսկ միջազգային մասշտաբով եզակի դաշնակից ու գործընկեր ունենալու հնարավորություն, ու հատկանշական է, թե ինչ շրջանակներ են փորձում տորպեդահարել այդ հնարավորությունը:

Նրանք, որոնք, խոշոր հաշվով, հասունացրին Ապրիլյան պատերազմը, այդ թվում՝ Ռուսաստանի ներսից, որը երկարելու դեպքում անխուսափելիորեն ավարտվելու էր Ռուսաստանի գլոբալ պարտությամբ, եթե ԱՄՆ-ն ու Իրանը չաջակցեին պատերազմը կանգնեցնելու քաղաքական ջանքին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում