mnews

29 Մարտի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Կգնա՞ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ առճակատման եւ իշխանությունը վերցնելու, թե՞ իրականությունը մամուլի այն հրապարակումներն են, որոնց համաձայն՝ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են ԲՀԿ-ի ձայների լիմիտի հարցում, որից այն կողմ ձայները գումարվելու են, այսպես ասած, ՀՀԿ-ի հաշվին:

Այս հարցն անկասկած դարձել է առաջիկա ընտրության առանցքային հարցը: Հարցն առավել եւս սրվել է այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հայտարարել է, որ իր գործընկերները կարող են 15 միլիարդ դոլար ներդնել Հայաստանում եւ իրեն զանգահարել ու ասել են այդ պատրաստակամության մասին:

Ծառուկյանի այս հայտարարությունը անկասկած պատասխանն է այն քայլի, որ կատարվեց մարտի 25-ին, երբ Հայաստանում ստեղծվեց կամ հայտարարվեց Հայաստանի ներդրողների ակումբի մասին՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Այդ ակումբը անկասկած նախընտրական աջակցությունն է Կարեն Կարապետյանին եւ ՀՀԿ-ին, թեեւ այստեղ, իհարկե, ՀՀԿ-ի հանգամանքը դառնում է փոքր-ինչ հարաբերական, քանի որ այդքան էլ նույնական չեն Կարեն Կարապետյան եւ ՀՀԿ ամբողջական հասկացությունները:

Ներդրումային այդ ակումբի ստեղծման ընթացքում հայտարարված թիվ չկար, թեեւ մինչ այդ Կարեն Կարապետյանը խոսել է 3,2 միլիարդ ներդրումների հաստատված ծրագրերի եւ եւս 5 միլիարդի վերաբերյալ քննարկումների մասին: Փաստորեն, համախառն հայտարարվում է մոտ 9 միլիարդի մասին: Գագիկ Ծառուկյանը փաստորեն գերազանցում է այդ թիվը գրեթե կրկնակի՝ խոսելով 15 միլիարդ դոլարի մասին, որ իր ընկերները պատրաստ են ներդնել Հայաստանում, եթե ինքը հաղթի:

Արդյոք այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը պնդելու է իր հաղթանակը, թե՞ Ծառուկյանը այսպիսով նահանջի ճանապարհ է պատրաստում՝ հետահայաց կարգով բարձրացնելով նշաձողը: Այսպես թե այնպես Հայաստանում նախընտրական ընթացիկ պայքարը իր եզրագծի մոտ փաստորեն հանգում է միլիարդների՝ գաղափարական, արժեքային, ծրագրային մրցակցությունից հանգում է միլիարդների: Ընդ որում, միլիարդներ, որի մասին հայտարարվում կամ ակնարկվում է երկու կողմից էլ՝ թե՛ Ծառուկյանի, թե՛ ՀՀԿ-Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան ճամբարի, բայց որոնց, այսպես ասած, հավաստիության, իրատեսականության եւ անկեղծության մասով հանրությանը որեւէ կողմից ներկայացված չեն համոզիչ ապացույցներ եւ փաստարկներ:

Այն, որ Հայաստանի համար ներդրումները կենսական անհրաժեշտություն են դարձել, կասկածից վեր է, սակայն հատկանշական է այն, որ ներդրումները դարձել են ներկայումս ընդամենը իշխանության համար պայքարի գործիք, բռունցք, որ միմյանց դեմ սկսել են ճոճել երկու, այսպես ասած, հավակնորդները, իշխանության կամ իշխող համակարգի երկու բեւեռները:

Մի կողմից՝ թվում է, որ սա չարյաց փոքրագույն իրավիճակն է, երբ իշխանության համար պայքարում երկու բեւեռները փորձում են հանրության համակրանքը շահել՝ ավելի շատ ներդրումներ խոստանալով: Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում, թե հանգուցալուծումից հետո ո՞րն է լինելու պատասխանատվության մեխանիզմը, որը ստիպելու է այս կամ այն բեւեռին հաղթանակի դեպքում կատարել միլիարդների նախընտրական ավելի շատ դրոշակ կամ պաստառ, քան կոնկրետ ծրագրեր եւ հիմնավորված նախաձեռնություններ հիշեցնող խոստումները:

Այդ մեխանիզմը գործնականում չկա, որովհետեւ հասարակությունը՝ երկու բեւեռների միլիարդների կռվում, գտնվում է դիտորդի կարգավիճակում: Հետաքրքիր է, իհարկե, նաեւ այն, թե ինչ կարգավիճակում է այս կռվում գտնվում Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս