«Ժողովուրդ»․ Պատրոն Դավոյի գործը՝ Վճռաբեկում. ինչ զարգացումներ կլինեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում: Բանն այն է, որ դատախազությունը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ազատ արձակումն ամենեւին պատահական չէր: Նա հեղափոխական իշխանությանը բազում ծառայություններ է մատուցել զենքի առքուվաճառքի պետպատվերի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով:

Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այդ զենքի գնման պայմանագիրը եւ այն հանձնաժողովը, որը զբաղվել է գնման գործընթացի կազմակերպչական հարցերով, ստեղծված է եղել հենց Արտակ Դավթյանի՝ Զինված ուժերի շտաբի պետ եղած ժամանակ, եւ այդ է պատճառը, որ նա կալանքից ազատվեց այն ժամանակ, երբ վերջինս վերանշանակվեց: Բանն այն է, որ եթե Պատրոն Դավոն կրկին կալանավորվեր, ապա նրա հետ միասին պետք է պատասխանատվության ենթարկվեր նաեւ Արտակ Դավթյանը, քանի որ այդ դեպքերը հենց իր պաշտոնավարման ժամանակ են եղել. նրանք համագործակցել են:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։