«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին այսօր ծանր օր է սպասվում. «Իմ քայլում» հանդիպումը թեժ է լինելու

2
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 

«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր բավականին ծանր օր է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրան հրավիրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման:

Ենթադրվում է՝ նախարարին պատգամավորները բավականին մանրամասն կհարցաքննեն` հաշվի առնելով այդ ոլորտում առկա խնդիրներն ու բացերը: Նախարարը վերջերս հայտարարեց շատ կարևոր, բավականին մասշտաբային ծրագրերի իրականացման մասին՝ չարորակ նորագոյացությունների անվճար վիրահատություն, ինսուլտով հիվանդների անվճար բուժում:

Ու չնայած նրա նախաձեռնություններն իսկապես սպասված էին ու հույժ անհրաժեշտ, բայց դրանց իրականացման մեխանիզմների հետ կապված մի շարք անորոշություններ ու խնդիրներ կան: Ըստ այդմ, նախարարը դեռ պետք է մանրամասն ներկայացնի առաջարկած ծրագրի իրագործման մեխանիզմները: Բացի այդ, լուրջ խնդիրներ կան մարզերում՝ առողջապահական հիմնարկների գործունեության հետ կապված՝ սկսած շենքային պայմաններից մինչև բուժհաստատություններում որակյալ կադրերի պակասը:

Հստակ չեն Հայաստանում պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման մեխանիզմները: Եվ, վերջապես, նախարար Թորոսյանը, պարզվում է, ավելացրել է իրեն պատկանող «ՄԻԲՍ» ԲԿ-ին հատկացվելիք պետական ֆինանսավորումը, այն էլ՝ շուրջ 2 անգամ: Եթե 2018-ին «ՄԻԲՍ» ԲԿ-ին տրվել է 25 միլիոն դրամ, ապա այս տարի նախատեսված է տալ 57 միլիոն 37 հազար դրամ. մի հանգամանք, որը կարելի է նույնիսկ կոռուպցիոն դրսևորում համարել: Այնպես որ, Արսեն Թորոսյանը ստիպված է լինելու շատ հարցերի պատասխանել, և «Իմ քայլը» խմբակցությունում բավականին թեժ է լինելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: