1 Օգոստոսի, 2018
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 

«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքը գնալով ավելի անլուրջ, ավելի զավեշտալի է դառնում: Խոսքը միայն այն մասին չէ, որ առողջապահության նախարարը որոշել էր Սևանի ափից կիսամերկ ուղիղ եթեր մտնել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու խոսքն ուղղելով քաղաքացիներին: Ընդ որում` ոչ թե մենակ, այլ Գեղարքունիքի մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 25-ին, ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ և անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալուն` հորդորել էր զերծ մնալ նման վայրերում լողալուց:

Նախարարությունը նաև մանրամասն տեղեկացրել էր, թե այդ վայրերում լողալն ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության վրա, ինչ ախտանշաններ կարող են առաջանալ: Բայց դրանից չորս օր անց նախարարը հատուկ լողում էր Սևանում ապացուցելու, որ ջուրը մաքուր է և որևէ վտանգ չի ներկայացնում: Ասել է թե` Թորոսյանը պարզապես որոշել էր իր գործողություններով հերքել իր իսկ ղեկավարած կառույցի հայտարարություն-նախազգուշացումը: Կմտածեք՝ մի քանի օրվա ընթացքում Սևանա լճի ջուրը մաքրվել է, և վտանգը չեզոքացվել: Պարզվում է՝ ոչ:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Բնապահպան Կարինե Դանիելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, երեկ ասել է. «Չորս օրում հնարավոր չէ` ջուրը մաքրվեր, ուղղակի ափեր կան, որտեղ ջրիմուռներ չկան, և մաքուր է։ Հավանաբար նախարարը այդ մաքուր ափերից մեկում է լող տվել։ Ափերը մաքրելու համար լուրջ աշխատանք է պետք անել, հավանաբար մինչև օգոստոսի կեսերը ջրիմուռները անցնեն ջրի հատակը, այնտեղ քայքայվեն։ Բայց բոլոր դեպքերում դա ցուցանիշ է, որ լճի վիճակը շատ վատ է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս