«Ժողովուրդ». Հայտնի է հայկական ավիաշուկա մուտք գործող նոր ավիաընկերության անունը

1

 «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Շուտով հայկական ավիաշուկա մուտք կգործի նոր հայկական ավիաընկերություն: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Սակայն Տաթևիկ Ռևազյանը չասաց, թե որ ընկերության մասին է խոսքը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խոսքը «Fly Armenia Airways» ընկերության մասին է: Ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերության կառավարիչները բրիտանացիներ են: Մեզ հայտնի դարձավ, որ հունվարի կեսերին ընկերությունը Հայաստան կբերի մի քանի հատ «Բոինգ» ինքնաթիռ:

Ընկերությունը չվերթները նախատեսում է սկսել մարտի վերջից և մտադիր է աշխատանքի ընդունել օդանավ շահագործելու վկայական ունեցող աշխատողների: Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին կբացի ավելի քան 200 աշխատատեղ:

Այստեղ տեղին է ընդգծել՝ եթե հնարավորություն կա հայկական ավիաընկերություն ունենալ և բացել 200 աշխատատեղ, ապա այդ դեպքում ինչու է քաղավիացիան իռլանդական լոուքոսթերին բերում հայկական ավիաշուկա: Մյուս կողմից` չի բացառվում նաև, որ ցածր բյուջետային ավիաընկերությունները լուրջ խնդիրներ առաջացնեն նոր ստեղծվելիք ընկերության համար: Ի դեպ, այս խնդիրը սկսել է մտահոգել ավիացիոն մասնագետներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: