«Ժողովուրդ». Նարեկ Սարգսյանն ու նրա առևանգված «զոհը» ԱԱԾ-ում հանդիպել են. ինչ է պատմել նա

2

 «Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը բավականին ակտիվ կերպով սկսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի, նույն իր՝ Ֆրանկլին Գոնսալեսի մասով քննչական գործողությունները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս առերեսում է կազմակերպել Նարեկ Սարգսյանի եւ առեւանգված անձի՝ Արամի միջեւ:

Նախ՝ առաջին խոսքը տրվել է Նարեկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձին` Արամին, եւ խնդրել են պատմել, թե ինչ է կատարվել իր հետ, ու կոնկրետ ինչ է արել Նարեկ Սարգսյանը: Եւ, ահա, Արամը սկսել է պատմել, որ ցանկացել է ակումբ բացել, որ իրեն չեն թողել, ծեծել են եւ գազայրիչով վառել մարմնի տարբեր մասերը` պատճառելով վնասվածքներ, եւ այլ մանրամասներ:

Նախաքննական մարմինը բավականին երկար ժամանակ լսել է նրան եւ հայտարարել, որ այսքանով առերեսման համար սահմանված ժամկետը լրացել է, եւ մեկ այլ օր կրկին առերեսում կնշանակվի, եւ այդ օրը կլսեն նաեւ Նարեկ Սարգսյանին: Նշենք, որ մեզ հասած լուրերի համաձայն՝ Նարեկ Սարգսյանը, առերեսման ժամանակ լսելով իր մասին արվող հայտարարությունները, որեւէ բառ չի ասել:

Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք եւս. այս նույն քրեական գործի շրջանակներում Նարեկ Սարգսյանի երեք թիկնապահները այժմ կանգնած են դատարանի առաջ, որոնք մասնակից են եղել առեւանգմանն ու բռնությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում