«Ժողովուրդ». Նոր գործ. ինչի՞ համար է Վլադիմիր Գասպարյանը կանչվել ՀՔԾ

1

 «Ժողովուրդ» թերթը գրում է․

«Երեկ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ՀՔԾ հրավիրելը կապ չի ունեցել նրա մասով քննվող քրեական գործերի հետ: Առիթը եղել է ՀՀ ոստիկանության մի աշխատակցի դիմումը, որի բողոքի հիման վրա քրգործ է հարուցվել, եւ այդ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանապետը եղել է Վլադիմիր Գասպարյանը: Նրան ՀՔԾ են հրավիրել՝ որոշակի հարցադրումների պատասխանելու: Վերջինս ՀՔԾ-ում մնացել է ընդամենը 10 րոպե:

Հիշեցնենք, որ 2019թ.-ին Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որն իրականացվել է՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափի յուրացում ու վատնում կատարելու հատկանիշներով:

Քրեական գործով բացահայտված փաստերով՝ Վլադիմիր Գասպարյանը 1997թ. հունիսից մինչեւ 2011թ. նոյեմբերը, զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, ապա պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ ռազմական ոստիկանության զորամասի 3 զինծառայողներ 2001, 2004, եւ 2009թթ.-ից աշխատանքի են ընդունվել, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել ծառայության: Փոխարենը նրանցից մեկն աշխատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ` որպես վարորդ, մյուս երկուսը` Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի մոտ` որպես թիկնապահ:

Ըստ մեղադրանքի` Գասպարյանը, այս մասին իմանալով, ոչ միայն իրավական ընթացք չի տվել դեպքին, այլեւ 2010 թ.-ի դեկտեմբերի 3-ին 5 տարի ժամկետով երկարաձգել է նրանցից մեկի զինծառայության ժամկետը: Ի դեպ, այս գործը Քննչական կոմիտեից տեղափոխվել է ՀՔԾ, եւ հիմա ՀՔԾ-ն է քննում նախկին ոստիկանապետի մասով քրեական գործը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում