«Ժողովուրդ». Ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը. ով է ներգրավված եղել աֆրիկյան երկրներում զենքի վաճառքի մեջ

14
 «Ժողովուրդ» թերթը գրում է․

«Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ:

Ապա վարչապետը հայտնել էր, որ մի շարք նախկին պաշտոնյաների գործունեության հետ կապված ոչ միայն պաշտոնանկություններ են եղել, այլև հիմա քրեական գործ է հարուցված, քանի որ նրանց հանցավոր անփութությամբ է այդ ամենը տեղի ունեցել:

Պարզվում է՝ այս փաստերը Քաղավիացիայի արդեն նախկին պաշտոնյաները ենթադրյալ կոռուպցիոն դրդապատճառներով թաքցրել են կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից ու կառավարությունից: Երեկ վարչապետի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց քաղավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, հրաժարվեց մեկնաբանել:

Իսկ, ահա, քաղավիացիայի նախկին պետ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Սերգեյ Ավետիսյանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ինքը որևէ առնչություն չունի այդ դեպքերի հետ»:

 Բայց, մյուս կողմից, նկատենք, որ «Տարոն Ավիա» ընկերությունը գրասենյակ է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, նաև օդային բեռնափոխադրումներ է իրականացրել Աֆրիկայում ԱՆ-12 և ԻԼ-76 ինքնաթիռներով:

Արդյոք վարչապետը, խոսելով զենքի վաճառքի մասին, նկատի է ունեցել «Տարոն Ավիա» ընկերությա՞նը. Կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. Հաստատ մեզ նկատի չի ունեցել, կան նաև այլ ավիաընկերություններ, որոնք աշխատում են Աֆրիկայում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: