Ինձ աշխատանքից ազատել են քաղաքական դիրքորոշման համար. Արտակ Եդոյան. Tert.am

Ինձ հայտնեցին, որ ես այլևս Վանաձոր քաղաքի 3-րդ պոլիկլինիկայի տնօրեն չեմ, և չտվեցին որևէ հիմնավորում՝ ինչու են ազատում աշխատանքից, բայց այլ հարց տվեցին իմ քաղաքական դիրքորոշման հետ կապված, իսկ Լոռու մարզպետն ասաց՝ այդպես եմ ուզել ու ազատել եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի 3-րդ պոլիկլինիկայի՝ արդեն նախկին տնօրեն Արտակ Եդոյանը:

«Ինձ ազատել են աշխատանքից, և ես կարող եմ ենթադրել, որ այստեղ կա քաղաքական ենթատեքստ: Ես երեկ փորձեցի խոսել Լոռու մարզպետ պարոն Խաչատրյանի հետ, ես ունեի ընդամենը մեկ հարց՝ ինչն է պատճառը: Մարզպետն ինձ ասաց՝ տենց եմ ուզում, այդպես եմ որոշել: Մարզպետի հաջորդ հարցը լինում է՝ ինչո՞ւ եմ ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին դեմ»,- ասաց Արտակ Եդոյանը՝ ավելացնելով, որ մարզպետը չի էլ հերքում, որ քաղաքական ենթատեքստ կա:

Արտակ Եդոյանը նշեց նաև, որ քաղաքական հայացքները որևէ առնչություն չունեն իր՝ պոլիկլինիկայում կատարած աշխատանքի հետ: «Դա իմ քաղաքական կարծիքն է, այո՝ ես դեմ եմ Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա երկիրը հասցրեց այս վիճակին: Ինձ աշխատանքից ազատման հրամանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իմ քաղաքական դիրքորոշումը ճիշտ է»,- ասաց նա։

Արտակ Եդոյանը նաև հավելեց, որ մամուլում շրջանառվող նյութերը չեն համապատասխանում իրականությանը և պոլիկլինիկան ապաքաղաքական կառույց է:

«Ասում են՝ իբրև թե պոլիկլինիկայի անձնակազմը պահանջել է հրաժարական, չկա այդպիսի բան, հեքիաթներ են: Պոլիկլինիկան ապաքաղաքական կառույց է, պոլիկլինիկայում կան այլ խնդիրներ, մենք այնտեղ քաղաքականությամբ չենք զբաղվում: Սա իմ անձնական դիրքորոշումն է, և իմ աշխատավայրը իմ քաղաքական դիրքորոշման հետ կապ չունի»,- ասաց Արտակ Եդոյանը: