18 Մարտի, 2017

«Իրենք, նախ, պետք է իմանան մեր տղաների գինը և ոչ մի զոհվածի մոր չպիտի օգտագործեն իրենց շահի համար: Դա ամենամեծ վատությունն է մայրերին: Մենք մուրացկաններ չենք, հարգա´նք ունեցեք»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից Միհրան Պողոսյանի քարոզարշավին հարթակից շնորհակալություն հայտնած զոհված զինծառայող Բագրատ Ալեքսանյանի մոր՝ Նարինե Ասրյանի ելույթին, իր զայրույթն արտահայտեց «Զինվոր համակարգող խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Ani Product

«Իրենք բերել էին, որ նա շնորհակալություն հայտներ: Ամենավատն այն է, որ զոհվածի մայրերն արդեն ներքաշվել են ու ասում են «շնորհակալ ենք», ինչի՞ համար ենք շնորհակալ, որ մեր տղերքի դիա՞կն են տվել»,- վրդովվեց Մ. Խաչատրյանը` շեշտելով, որ դեմ է նման երևույթներին. «20 տարվա մեջ ոչ մի տեղ չես տեսնի, որ գրված լինի` «Զոհված Արսեն Հայկարամի Հարությունյանի մայրը… Ես կյանքում իմ տղու անունը, եղունգն իրենց գլխի հետ չեմ փոխի. ինձ ո´չ իրենց փողն է պետք, ո´չ լավությունը, ինձ ոչի´նչ պետք չէ»,- շարունակեց նա` հավելելով, որ անչափ վատ է զգում, որ մեր զոհվածների մայրերին ներքաշում են նման գործերի մեջ:
Մեր զրուցակիցն, այնուամենյանիվ, կարծիք հայտնեց, որ լավ օրից չէ, որ նման երևույթներ են տեղի ունենում, սակայն ոչինչ չի արդարացնում կատարվածը. «Ոչ մի թեկնածու իրավունք չունի մոտենա զոհվածի մորը, պարտադրի շնորհակալություն հայտնել, ասի` գիտե՞ս, ես քո տղայի դիակը բերելուց աջակցել եմ, արի, ասա` շնորհակալություն»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից Միհրան Պողոսյանը բակային հանրահավաք էր կազմակերպել, որի ժամանակ հարթակից ելույթ է ունեցել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Ասրյանը: Այնտեղ էր նաև Բագրատ Ալեքսանյանի հետ նույն դիրքում զոհված Տիգրան Բերակչյանի մայրը՝ Եվգինե Բերակչյանը: Նրանք շնորհակալություն են հայտնել Միհրան Պողոսյանին` առ իրենց ցուցաբերված «մարդկային և մարդասիրական» վերաբերմունքի համար:

Ani Product

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս