Ինչո՞ւ է դատավորի պաշտոնից հրաժարվում Վաղինակ Մկրտչյանը

«Հրապարակը» մի քանի անգամ հայտնել է, որ դատական համակարգում դեպրեսիվ տրամադրություններ են: Առավել եւս վերջին իրադարձությունների ֆոնին, երբ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում եւ ավարտվում է դատավորների «նվաստացուցիչ, ցուցադրական» ձերբակալություններով, մի շարք դատավորներ չեն ցանկանում այլեւս մնալ համակարգում: Ըստ այդմ՝ գրել էինք նաեւ, որ մի քանի դատավորներ, ովքեր նյութական բարեկեցության խնդիր չունեն, առանց այդ աշխատանքի կարող են հոգալ իրենց կարիքները, պատրաստվում են դիմում գրել եւ աշխատանքից դուրս գալ: Եւ ահա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանը դիմում է գրել իր լիազորությունները դադարեցնելու համար, Արդարադատության խորհուրդն էլ ընդունել է դիմումը եւ առաջարկել նախագահին դադարեցնել լիազորությունները:

Ani Product

«Այժմ դատավորի աշխատանքը դարձել է շան տանջանք, թուք ու մուր, չարքաշ, վտանգավոր, անկանխատեսելի, չես իմանա՝ որ պահին ում զոհողության կենթարկեն, նախկինում էր դատավորի, դատախազի, քննիչի աշխատանքը համարվում վայելք, հիմա հակառակն է, իսկ Վաղինակին պետք չի այդ գործը, նա ապահովված մարդ է, «Անի» կաթնամթերքի ընկերության սեփականատերն է, աները ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանն է, ով այսօր նախագահի խորհրդականն է, իսկ հայրը մաքսային բեռնափոխադրումներ է ղեկավարում, եղբայրն էլ զբաղվում է իրենց բիզեսներով»,-ասաց դատական համակարգի մեր աղբյուրը:

Ani Product

Հիշեցնենք, որ Վ. Մկրտչյանը հանրության շրջանում առավել հայտնի դարձավ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարություններից հետո: Ի դեպ, նա դատավոր դարձավ Մարտի 1-ի քրեական գործում որպես քննիչ իր «սեւ գործն» անելուց հետո: Հենց Վաղինակ Մկրտչյանի ստորագրությունն է դրված Նիկոլ Փաշինյանի, Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների եւ Մուշեղ Սաղաթելյանի մեղադրական եզրակացությունների տակ:

Նշենք, որ Վաղինակ Մկրտչյանը ծնվել է 1981 թվականին Երևան քաղաքում: 2001 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2007 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան: 29.05.2003-22.07.2004թթ. աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ստաժոր-քննիչ: 22.07.2004-28.07.2005թթ. աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ: 28.07.2005-18.01.2007թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննիչ: 2007 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ: 01.10.2007-18.01.2008թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ:2008 թվականից աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ: 2013 թվականի հունվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Նյութի աղբյուրը ` hraparak.am