Իշխանությունները նույնիսկ ներկայացումներից են սարսափում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս Վահրամ Սահակյանը տեղեկացրել էր, որ իր «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ներկայացումները չեղարկելու համար «հանցավոր կերպով զանգահարել և սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենին»:

Պատկան կառույցների կողմից ոչ մի տրամաբանական արձագանք չտրվեց այս հանգամանքին: Սակայն պարզվում է՝ այս իշխանություններն ընդհանրապես սարսափած են արվեստից ու իրենց համար վտանգ են տեսնում նաև այլ ներկայացումներում: Մասնավորաբար, դերասան Հրանտ Թոխատյանը Երևանի պետական կամերային թատրոնում վերականգնում է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացման ցուցադրությունը:

Երեկ 1or.am կայքը նշել էր, որ, իրենց տեղեկություններով, կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին է զանգահարել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալ յանը և պահանջել հանել ներկայացումը՝ սպառնալով, որ քանզի թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումը կտրել: Փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին: Ի դեպ, զավեշտալին այն է, որ ներկայացումը 1981 թ.-ից թատրոնի բեմում է, և սցենարային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Այդ ժամանակ, այսինքն՝ նախորդ դարի 80-ականներին, երբ այդ ներկայացումը խաղում էին, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը անչափահասներ էին, և նույնիսկ ամենապայծառատեսները չէին կարող երևակայել, որ նրանք ամուսնանալու են, ապա և դառնան վարչապետ ու վարչապետակին, որպեսզի ներկայացման մեջ նրանց մասին վիրավորական հատվածներ ներառեին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: