4 Փետրվարի, 2020
 «Իրատես» թերթը գրում է.

«Նախորդ շաբաթվա աշխատանքային վերջին երկու օրը խորհրդարանում «Իմ քայլի» ներկայացուցիչների «դեֆիցիտ» էր: Իշխանական պատգամավորների մեծամասնությունը Դիլիջանում էր, մի մասը՝ Թիբիլիսի գործուղման էր մեկնել, ոմանք էլ, ըստ երեւույթին, օգտվել էին գործընկերների բացակայությունից ու իրենք իրենց արձակուրդ էին տվել:

Ani Product

Կառավարության որոշմամբ՝ նախորդ շաբաթվա աշխատանքային երկուշաբթին տեղափոխվել էր շաբաթ օրը, պատգամավորները սակայն հաշվի չէին առել այդ հանգամանքն ու իրենք իրենց որոշել Դիլիջանում եռօրյա գործուղում կազմակերպեել: Թե որն է խորհրդարանի շենքից դուրս արտագնա քննարկում կազմակերպելու առաջնահերթությունը, մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել:

Ani Product

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան գրառումից կարողացանք տեղեկանալ միայն, որ ռազմավարություն են մշակել: «2020-ի ռազմավարական պլանավորման արտագնա աշխատանքային հանդիպման ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է հետեւյալ առաջնահերթությունները` ԶԼՄ բարենպաստ իրավական միջավայր, Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք, առողջության համապարփակ ապահովագրություն, սահմանադրական բարեփոխումներ, ՏԻՄ, գյուղատնտեսություն, ընդերք, ջրային տնտեսություն եւ ռազմավարական այլ ուղղություններ ու մոտեցումների հստակեցում»,- գրել էր Մակունցը:

«Իրատեսի» զրուցակիցը փոխանցեց սակայն, որ իմքայլականներն իրականում այլ նպատակով են հավաքվել` ընտրությունների հետ կապված որոշակի հարցեր քննարկելու։ «Այսքան շուտ արդեն ընտրությունների՞ են նախապատրաստվում»,- հետաքրքրվեցինք մեր զրուցակցից: «Այո, իրականում քննարկումները ծավալվել են ընտրություններին ճիշտ ու գրագետ պատրաստվելու շուրջ: Երիտասարդ պատգամավորներին առավել փորձառուները մի շարք նրբություններ են բացատրել, եւս մեկ անգամ հուշել՝ ինչպիսին պետք է լինի քաղաքական գործիչը»,- ասաց նա:

Խորհրդարանական մեծամասնությունը, անշուշտ, տարբեր վայրերում ամենատարբեր նպատակներով կարող է հավաքույթներ նախաձեռնել, քննարկումների ու երեկույթների մասնակցել, բայց աշխատավայրից ու աշխատանքից կտրվելն ու կուսակցական հարցերով զբաղվելը մեկը մյուսին չպետք է խանգարեն, դրանք պետք է ապրեն կողքի կողքի, բայց ոչ երբեք մեկը մյուսի հաշվին:

«Իմ քայլը» խմբակցության արտագնա քննարկումն ու ռազմավարություն մշակելն արդյո՞ք հնարավոր չէր Ազգային ժողովի շենքում անել կամ աշխատանքային ժամից հետո. սրանք հարցեր են, որոնց, կարծում եմ, իշխող թիմի ներկայացուցիչները կդժվարանան պատասխանել:

Իսկ մենք հստակորեն կարող ենք արձանագրել՝ առանց Դիլիջան հասնելու էլ հնարավոր է ռազմավարություն մշակել, աշխատել խորհրդարանի ներսում, երեկոյան էլ, կիթառի նվագակցությամբ, երեկո կազմակերպել հենց ԱԺ շենքում՝ լրագրողների ու աշխատակազմի հետ մեկտեղ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս