«Իրատես». Այս իշխանությանը նվիրածը` ժողովրդի քթերից են բերում. արհեստական թանկացումներ

4
 «Իրատես» թերթը գրում է.
goodwinbe

«Ամենայն հայոց խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի բիզնես գործունեությունն այս օրերին ծաղկում է ապրում: Սուպերմարկետների ամենախոշոր ցանցի սեփականատերը, որ նախկին իշխանությունների ժամանակ իրեն քննադատող ու այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին «մեր ախպեր»-ով էր դիմում, իշխանափոխությունից հետո մեկ անգամ չէ, որ խոշոր գումար է փոխանցել Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Չար լեզուներն ասում են, որ Ալեքսանյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի երեկույթին նույնպես գումար է փոխանցել, ու հիմա, ըստ երեւույթին, առիթը բաց չի թողնում իշխանությանը նվիրաբերած գումարը ժողովրդի միջոցով հետ գանձելու:

Ցավոք, այս իշխանությանը նվիրածը ժողովրդի քթերից բերելու հարցում Ալեքսանյանը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ: Իսկ նրա ընտանիքին պատկանող դեղատները (հանրապետության մյուս դեղատների նման) այս օրերին աստղաբաշխական թվերով են վաճառում բժշկական դիմակները, ձեռնոցներն ու ախտահանիչ նյութերը:

Եթե մինչեւ կորոնավիրուսը դիմակն արժեր 20-50 դրամ, ապա ամեաէժանն այժմ 250 դրամ է: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը «Իրատեսի» հետ զրույցում թեեւ վստահեցրեց, որ ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը 44 անուն պարենային ապրանքների, դիմակների, ախտահանիչ նյութերի գների եւ պաշարների մոնիտորինգ է իրականացնում, բայց եւ նշեց՝ գների վերահսկողության առումով իրենք ոչինչ անել չեն կարող:

Նորից Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում մի քանի օր առաջ վարունգն ու պոմիդորը վաճառվել են կիլոգրամը 4000 ու 6000 դրամով:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ հանձնաժողովը շուկայում գները կարգավորելու իրավասություն կամ գործառույթ չունի: Մեր դիտանցումների նպատակն է բացահայտել տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումները, մասնավորապես գերիշխող դիրքի չարաշահումներն ու հակամրցակցային համաձայնությունները, եւ խախտումներ արձանագրելու դեպքում անպայմանորեն վարույթներ կհարուցվեն այդ տնտեսավարողների նկատմամբ: Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները շուտով կհրապարակվեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Սուպերմարկետներից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ հնդկաձավարը, օրինակ, թանկացել է 80, մսամթերքի տարբեր տեսակներ՝ մինչեւ 450 դրամով: «Պարենային ապրանքներից թանկացել են հատկապես այն մթերքները, որ պիտանիության ավելի երկար ժամկետ ունեն, օրինակ, կիսաեփած ու կիսաապխտած երշիկները, նրբերշիկները եւ այլն: Թանկացել են ալյուրն ու ձեթը, «սալը», հավկիթը եւ այլն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

«Իրատեսը» տեղեկացավ նաեւ, որ սուպերմարկետներից շատերը թանկացրել են նաեւ այն ապրանքների գները, որ դեռ ամիսներ առաջ են պահեստավորել ու հիմա, օգտվելով մարդկանց խուճապի մատնվելու հանգամանքից, օրինակ դեռ երկու-երեք ամիս առաջ ձեռք բերած ալյուրը ավելի բարձր գնով են վաճառում»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: