Լիսկայի վերջին բաստիոնն ընկավ. ասել են՝ դիմումդ գրի, գնա

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերջին շրջանում խիստ լարված են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հարաբերությունները: Գորիսի քաղաքապետը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդն է, իսկ նոր մարզպետը որոշել է ազատվել Լիսկայի կադրերից, քանի որ նրանք իրեն չեն ենթարկվում:

Տարիներ ի վեր Գորիսը եղել է Լիսկայի բաստիոնը, քաղաքապետերն էլ՝ նրա կամակատարները: Ըստ էության, վերջին բաստիոնն ընկավ։ Ամիսներ առաջ Վահե Հակոբյանը փորձեց Գորիսի ավագանու միջոցով հասնել քաղաքապետի պաշտոնանկությանը, սակայն չստացվեց։ Այժմ քաղաքապետին ուղիղ ասվել է՝ դիմումդ գրի, գնա: Սակայն Ադունցը դիմադրում էր, անգամ օրերս «Սյունյաց երկիր» լրատվամիջոցին ասել էր, որ ճնշում են գործադրում իր վրա՝ հրաժարականի դիմում գրելու համար, «սակայն չեմ գրել և չեմ պատրաստվում գրել»։

Բայց երեկ տեղեկացանք, որ հրաժարականի դիմումը գրվել է, ընդ որում՝ «հիվանդության պատճառով» ծեծված ու կեղծ պատճառաբանությամբ։ Ըստ ամենայնի, հույս է ունեցել հանդիպել մարզպետի վերադասի հետ և լուծել հարցերը, այդ մասին անգամ ասել է «Սյունյաց երկիր»-ին, սակայն հանդիպումը կա՛մ չի կայացել, կա՛մ ավարտվել է ի վնաս քաղաքապետի, և դիմումը գրվել է։

Ուշագրավն այն է, որ սեպտեմբերի 11-ին Քաղաքաշինության կոմիտեն աշխատաժողով է կազմակերպել «Անի պլազայում», որտեղ զեկուցողներից մեկը Վաչագան Ադունցն է լինելու: Ադունցը «Միացյալ կայուն խելացի քաղաքներ ծրագիր. Գորիսի օրինակը» զեկույցով է հանդես գալու: Հետաքրքիր է՝ զեկուցումը կհանվի՞, թե՞, այնուամենայնիվ, Գորիսի արդեն նախկին քաղաքապետը կմասնակցի աշխատաժողովին»:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: