24 Նոյեմբերի, 2017
Խորհրդարանում նոր սկանդալ է հասունանում. ԱԺ ղեկավարությունը որոշել է խստություն ցուցաբերել և ԱԺ նիստերից անհարգելի բացակայած պատգամավորներին պատժել՝ աշխատավարձերից պահումներ կատարելով: Սա, բնականաբար, դուր չի եկել պատգամավորներին:

Ու հիմա նրանք խորհրդարանի միջանցքներում չեն թաքցնում իրենց դժգոհությունը՝ պնդելով, որ որոշ դեպքերում այդ բացակայություններն անհարգելի են համարվել հանիրավի: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ հանրային կապերի վարչությունից տեղեկացրել են, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նիստերից անհարգելի բացակայել է 18 պատգամավոր:

Ani Product

Ani Product

Ամենաշատն անհարգելի բացակայել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 11 անգամ, ինչի պատճառով նրա աշխատավարձից պահվել է 252 հազար դրամ: ԱԺ նիստերից 6 անգամ բացակայել է նույն խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, ում աշխատավարձից էլ պահվել է 133 հազար 900 դրամ:Անհարգելի բացակայությունների՝ թվով երրորդ տեղում է ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը՝ ԴԱՀԿ նախկին պետ Քեթրինի Միհրանը, 4 անհարգելի բացակայության համար նրա աշխատավարձից պահվել է 89 հազար 990 դրամ: 3 անգամ անհարգելի բացակայել է ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանը՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը, նրա աշխատավարձից պահվել է 73 հազար 580 դրամ:Մյուս պատգամավորները բացակայել են 1-2 անգամ: Ըստ ԱԺ ներկայացրած տեղեկանքի՝ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի երկու բացակայությունների համար աշխատավարձից պահվել է 42 հազար դրամ, այս խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի աշխատավարձից երկու բացակայության համար պահվել է 44 հազար 590 դրամ, այդ խմբակցությունից Արթուր Մանուկյանի՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու աշխատավարձից երկու բացակայության համար պահվել է 41 հազար 820 դրամ, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի երկու բացակայություններն արժեցել են 48 հազար 380 դրամ:Իսկ ահա «Ծառուկյան» խմբակցությունից Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, ՀՀԿ-ականներ գեներալ Մանվել Գրիգորյանը, Սամվել Ալեքսանյանը, Կարեն Կարապետյանը, Արկադի Համբարձումյանը, Ռոբերտ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Շուշան Պետրոսյանը և ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանն էլ անհարգելի բացակայել են մեկական անգամ, և աշխատավարձերից պահվել է 22-24 հազար դրամ:Ի  դեպ, մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից նաև տեղեկացրել են, որ «ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանը ՀՀ ԱԺ նիստերից բացակայությունները հարգելի համարելու վերաբերյալ տեղեկանքներ են ներկայացրել նոյեմբերի 15-ին, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ նոյեմբերի 16-ին: Տեղեկանքները քննարկման փուլում են»:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը նշեց, թե իր և Վահե Էնֆիաջյանի բացակայություններն անհարգելի չեն, քանի որ այդ օրերին նրանք մեկնել են Սյունիքի մարզ, հանդիպել Սիսիանի տարածաշրջանի գյուղերի բնակիչների հետ, ու քանի որ նույն օրը չեն կարողացել վերադառնալ, ստիպված են եղել գիշերել այնտեղ՝ երկու օր բացակայելով ԱԺ նիստերից: «Բայց մենք զբաղված ենք եղել մեր կարգավիճակից բխող գործողություններով, այլ ոչ թե ինչ-որ ուրիշ գործերով:

Բայց, դե, ԱԺ ղեկավարությունն անհարգելի է համարել մեր բացականերն ու նման որոշում է կայացրել: Չնայած, ասենք, որ մենք միջնորդություն ենք ներկայացրել մեր բացակաները հարգելի համարելու վերաբերյալ: Դեռևս պատասխան չենք ստացել»,- ասաց Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ամենաշատը հենց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն են անհարգելի բացակայել, Պետրոսյանը մեկնաբանեց. «Պատգամավորի կարգավիճակը ներառում է ոչ միայն ԱԺ լիագումար նիստերի մասնակցություն, այլև ժողովրդի հետ հանդիպումներ, նրանց խնդիրներով զբաղվելը: Համենայն դեպս, նորից եմ ասում՝ միջնորդել ենք, որպեսզի մեր բացակաները հարգելի ճանաչվեն»:

Ի դեպ, նշենք նաև, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 156-րդ հոդվածը հնարավորություն է տալիս քվեարկությունների կեսից ավելին անհարգելի բացակայած պատգամավորների լիազորությունները վաղաժամ դադարեցնել:

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ «Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»:

Օրենքի 4-րդ կետում էլ նշված է. «Եթե տեղեկանքի համաձայն պատգամավորը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա ԱԺ նախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով և անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին»:

Մանրամասները՝ այստեղ.

Լրահոս