Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տնօրենի «X5»-ում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով

2

Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանը իր կողմից շահագործվող BMW X5 մակնիշի 81 ՍC 008 համարանիշի ավտոմեքենայի մեջ զենք է պահում։

Կոտայքի մարզի ոստիկանները, երեկ արդեն իրացնելով օպերատիվ տվյալները, Աբովյան քաղաքում, Հանրապետության պողոտայում, «Տաշիր պիցցա»- մոտ, նկատում են կասկածյալ Ա. Կարապետյանին, ով պիցցերիայում սնվելուց հետո BMW X5-ով անցնում է դիմացի մայթը, ավտոմեքենան կայանում և մտնում է վարսավիրանոց՝ մազերը կտրելու։

Ա. Կարապետյանին, ով ոստիկաններին ներկայացել է, որ ինքն աշխատում է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տնօրեն, վարսավիրանոցից, երբ մոտնում է իր BMW-ին, ոստիկանները հայտնում են, որ կասկածներ ունեն այն մասին, որ ավտոմեքենայում զենք կա։

Ա. Կարապետյանը, երևի թե զգալով, որ մազից է կախված իր՝ նշված վայրից հեռանալը, որոշ ժամանակ փորձում է ոստիկաններին համոզել, թե կարիք չկա ավտոմեքենան զննելու, սակայն ոստիկաններից ստանում է պատասխան, որ ավտոմեքենան պետք է զննվի ու այդ հարցով արդեն զբաղվում են Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները։

Գրեթե 10 ժամից ավելի տևում է այդ գործողությունը, քանի որ քննիչը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկություն կատարելու թույլտվության որոշում տա։

Կեսգիշերն անց դատարանը բավարարում է քննիչի միջնորդությունն ու Ա. Կարապետյանը իր փաստաբանի ներկայությամբ (ով, ի դեպ, նեղսրտեց, երբ տեսալուսանկարահանում էինք իր պաշտպանյալին։ Սակայն փաստաբանը պետք է լավ իմանա, որ ինքն իր աշխատանքն է կատարում, ոստիկաններն ու քննիչները՝ իրենցը, լրագրողն էլ՝ իրենը) մատնացույց արեց ավտոմեքենայի այն տեղը, որտեղ հայտնաբերվեց «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով։

Ա. Կարապետյանը քննիչներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իր հանգուցյալ եղբորը։ Քննիչի որոշմամբ ատրճանակը, որը գործարանային արտադրության առանց համարի է, տեղում ընթերակաների ներկայությամբ փաթեթավորվեց, կնքվեց և ուղարկվեց ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ կատարվելու է փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը, ով ներկայանում է, որ ինքն աշխատում է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տնօրեն, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում. նա այս տարվա օգոստոսի 1-ին ազատվել է աշխատանքից, քանի որ երկար ժամանակ չի ներկայացել աշխատավայր, ինչպես ժողովուրդն է ասում՝ «արհամարհած է ունեցել», ինչն էլ դարձել է ազատման պատճառ։