Ծառուկյանի մարզպետ փեսան ընդունել է «վարչապետի կրոնը». «Իրատես»

3

«Իրատես» թերթը գրում է. «Վերջերս վարչապետը դժգոհում էր, որ հատկապես մարզերում համայնքային իշխանությունների կրթական մակարդակը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, և շատ դեպքերում ինքը ստիպված է լինում նույնիսկ տարրական հասկացություններ բացատրել վերջիններիս:

Այս առումով հետաքրքրական նրբերանգներ բացահայտեց վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Կոտայքի մարզ: Հիշեցնենք, որ այցի նախօրյակին շատերը կանխատեսում էին, թե Գագիկ Ծառուկյանի ազդեցության տարածք համարվող մարզի ղեկավարը՝ նրա փեսա Կարապետ Գուլոյանը, եթե հրաժարական էլ չտա իր պաշտոնից, ապա առնվազն պատշաճ մակարդակի ընդունելություն չի կազմակերպի վարչապետի համար:

Սակայն ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այդ այցն աչքի ընկավ ոչ միայն գերպատրաստվածությամբ, այլև վարչապետի հատուկ չափանիշներին մարզի պատասխանատուների համապատասխանելու ձգտմամբ: Ընդ որում, վերոնշյալը վերաբերում էր ոչ միայն մարզպետին, այլև համայնքի մյուս ղեկավարներին:

Նրանց ելույթներում գերիշխում էին կոնկրետ ցուցանիշներ և թվեր, տնտեսական և բիզնես կատեգորիաներ, ինչպես նաև վարչապետի կողմից հաճախակի շեշտվող բառեր և արտահայտություններ: Այս առումով բավականին հետաքրքրական էր Աբովյանի քաղաքապետի հնչեցրած` «Աբովյանը խելոք քաղաք դարձնելու» գաղափարը:

Ինչեւէ, արդեն հասկանալի է, որ համայնքային ղեկավարներն աստիճանաբար սկսել են հասկանալ, թե ինչ է իրենցից պահանջվում, և փորձում են արագ «վերադասավորվել»: Այս իմաստով, Կոտայքի մարզի ղեկավարությունը, ինչպես ասում են, ընդունել է «վարչապետի կրոնը»: