Ծովագյուղցի կռվարարն ու մյուս «դերակատարները». ինչ է պլանավորել Փաշինյանի թիմն իրագործել ԱԺ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի ամեն գնով այսօր ավարտել ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանական թեւը պետք է այնպես կազմակերպի, որպեսզի այսօր՝ մինչեւ օրվա ավարտ, ելույթներն ավարտվեն, ու արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես գա եզրափակիչ ելույթով:

Դրանից հետո իշխանական ֆրակցիան կկազմակերպի կառավարության ծրագրի քվեարկությունը, ու ամեն ինչ կավարտվի: Սա իշխանության ծրագիրն է, եթե, իհարկե, ամեն ինչ իրենց պլանավորածով գնա: Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմության անելիքները, ելույթները կարող են նորից հունից հանել իշխանության պատգամավորներին, ու ամեն բան պլանավորվածից դուրս գա, ինչպես դա եղավ երեկ` «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ՊՊԾ-ն Մկրտչյանին պետք է ԱԺ դահլիճից դուրս հրավիրի:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության մի քանի պատգամավորներ որոշել են որեւէ ձեւով «չհանդուրժել» Մկրտչյանի ելույթները ու ամեն ելույթի ժամանակ ռեպլիկներ բաց թողնել, վիրավորել, որպեսզի վերջինս այլեւս չհամարձակվի Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ-որ բան ասել:

Այդ պատգամավորների գլխավոր «դերակատարը» ծովագյուղցի պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, որը ԱԺ նիստերի ժամանակ, բացի կռիվ անելուց, ուրիշ որեւէ բանով աչքի չի ընկել: Երեկ նույն կերպ Գրիգորյանը իրեն դրսեւորեց Մկրտչյանի հետ միջադեպի ժամանակ, որի ձեռքերը անվտանգության աշխատակիցները ոլորեցին ու դուրս հանեցին ԱԺ դահլիճից: Կռվարարների շարքին են դասվում նաեւ Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։