Կվերադառնան, եթե խոստանան չծեծել

3

Մեր՝ խորհրդարան վերադառնալու, ավելի կոնկրետ՝ ԱԺ նիստերի դահլիճ վերադառնալու հնարավորությունը պայմանավորված է ԱԺ իշխանական թեւի ներկայացուցիչների կողմից տրվող երաշխիքներից, առնվազն ԱԺ նախագահի կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ են ԼՀԿ պատգամավորները վերադառնալու եւ մասնակցելու ԱԺ նիստերին:

Նրա խոսքով, Ազգային ժողովի նախագահը միայն իշխանության եւ «Իմ քայլը» խմբակցության նախագահը չէ. «Այս երաշխիքները, որոնք մենք ակնկալում ենք եւ որոնք կլինեն այն կարեւոր հանգամանքը, որ մեզ թույլ կտա մտածելու, որ այլեւս նիստերի դահլիճում տեղի չի ունենա բռնության դեպք, մեզ թույլ կտա վերադառնալ բնականոն աշխատանքի։

Այս պահին չունենք որեւիցե վերջնական որոշում՝ արդյոք հերթական լիագումար նիստերին կլինենք, թե ոչ, առայժմ քննարկում ենք նաեւ հասկանալու եւ ընկալելու իշխանության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ»,-ասել է  ԼՀԿ պատգամավորը:

«Ի՞նչ երաշխիքներ կան, որ օրինակ ոչ իշխանական թեւի կանայք Ազգային ժողովի ամբիոնից որեւիցե քաղաքական հայտարարություն կամ սուր քննադատական խոսք հնչեցնելուց հետո չեն ենթարկվի նման բռնարարքի։ Մեր աշխատանքը դրսում, հասարակության հետ, պատգամավորական գործունեության շրջանակներում որեւէ կերպ չի տուժել, մենք բնականոն ձեւով շարունակում վենք մեր աշխատանքը իրականացնել:

Չէի ասի, թե որեւիցե լարվածություն կա կոնկրետ կանանց հետ, որովհետեւ հանդիպումներ, առնչություն չենք ունեցել, միջադեպից հետո քննարկումներ տեղի չեն ունեցել, իներտ վիճակ է այս պահին։ Բայց նաեւ կարծում եմ, որ հենց կանանց կողմից էլ պետք է քննադատական խոսք հնչեր տվյալ ելույթի վերաբերյալ, որովհետեւ մենք ականատես ենք լինում, թե քննադատական խոսքերին ինչպիսի ռեակցիաներ է տալիս իշխանությունը, ինչի իմ կարծիքով անթույլատրելի է։ Պետք է հասկանալ, որ բոլորը միակարծիք չեն կարող լինել։ Նույն հարցի շուրջ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր դիրքորոշումներ եւ դա միանգամայն նորմալ եւ բնական երեւույթ է»,-ընդգծել է նա:

Աննա Կոստանյանը նկատեց, որ ցանկացած հայտարարություն, ցանկացած խոսք կարելի է վերագրել սադրանքի. «Սովորական վերլուծական, օրինակ, կառավարության ծրագրի վերաբերյալ ընդդիմության կողմից որեւէ վերլուծական դատողություն նույնպես կարելի է վերագրել սադրանքի։ Այս պահին մենք ականատես ենք լինում մի երեւույթի, որ խոսքի արժեքը նսերմացվում է։ Այսինքն կարելի է Ազգային ժողովի ամբիոնից ցանկացած տեսակի հայտարարություն անել եւ դրա պատասխանատվությունը չկրել կամ ցանկացած քննադատական խոսք վերագրել սադրանքի եւ դրանով հանգիստ նստել տեղը եւ մեկնաբանել, որ մեզ սադրել են, եւ մենք համարժեք պատասխան ենք տվել։ Մարդու բարձր գիտակցական մակարդակը հենց դրանով է արտահայտվում, որ եթե նունիսկ սադրանքի խոսք է հնչել, պետք էր ընդամենը չտրվել։

Եթե խոսքը վերաբերում է բռնության դեպքին, որ դա նորմալ է եւ դա վերագրում են այն հանգամանքին, որ եվրոպական երկրների խորհրդարաններում նույնպես մենք կարող ենք ականատես լինել նման երեւույթների, ինձ համար դա անընդունելի է։ Բռնությունը որեւիցե կերպ, որեւիցե անձի կողմից, որեւիցե ձեւաչափով չի կարող արդարացվել եւ արժանի է միմիայն քննադատության։ Այո, բովանդակային տարաձայնություններ, քննադատություններ կարող են լինել եւ դա նորմալ է, բայց ոչ բռնարարք»:

Ընդդիմադիր պատգամավորը անդրադարռնալով նրան, որ վարչապետն իր ելույթում, ըստ էության, արդարացրեց բռնությունը՝ դա վերագրելով սադրանքի կամ հոգեբանական բռնաճնշման, ասել է. «Մեղմ ասած այնքան էլ ուրջ մոտեցում չէ եւ այո, որեւէ մեկս չի կարող որեւիցե երաշխիք ունենալ, որ քննադատական խոսքի ժամանակ ինչ-որ առասրկաներ օդում չեն նետի միմյանց վրա։ Եւ ասել, որ դա նորմալ է, այլ խորհրդարաններում էլ են լինում, ինձ համար առնվազն լուրջ չէ։ Քանի որ մենք ընդհանուր խմբակցության մակարդակով քննարկումներ չենք ծավալել, կփորձեի զերծ մնալ խմբակցության պատգամավորի մասնակցությունը կամ չմասնակցությունը մեկնաբանելուց»:

Topnews